ԵՍԱՅԻ. Chapter 20

1 Այն տարին, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկուելով, եկաւ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դէմ եւ գրաւեց այն,
2 ահա այդ ժամանակ Տէրը խօսեց Ամոսի որդի Եսայու հետ եւ ասաց. Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մէջքից եւ հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից։ Այդպէս էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։
3 Եւ Տէրն ասաց. Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն։
4 Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու ամօթոյքը բաց, խայտառակելով եգիպտացիներին։
5 Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին։
6 Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք։