ԵՍԱՅԻ. Chapter 61

1 Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն,
2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին,
3 փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի։ Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ։
4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները։
5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։
6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։
7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։
8 Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
9 Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են, ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր։
10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով։
11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ։