ԵՍԱՅԻ. Chapter 56

1 Այսպէս է ասում Տէրը. Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը։
2 Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց։
3 Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից, եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ Ես չոր փայտ եմ։
4 Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. Ովքեր կը պահեն իմ պատուիրանները, կը նախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կը մնան,
5 նրանց իմ Տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու։
6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ, -
7 նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի։
8 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները։
9 Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ։
10 Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել։
11 Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին։
12 Եկէ՛ք, -ասում են, -գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կը լինի։