ԵՍԱՅԻ. Chapter 42

1 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։
2 Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու,
3 անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։
4 Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։
5 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ.
6 Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին,
7 որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։
8 Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին։
9 Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ե՛ս կը պատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կը դառնայ ձեզ։
10 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։
11 Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
12 փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա քաջութեան մասին։
13 Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ։
14 Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։
15 Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ։
16 Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց։
17 Բայց նրանք երես դարձրին ինձնից։Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ Մեր աստուածներն էք դուք։
18 Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք.
19 ո՞վ է կոյրը, եթէ ոչ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։ Ո՞վ է կոյրը, եթէ ոչ ուծացածը։ Կուրացան Աստծու ծառաները։
20 Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։
21 Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն,
22 բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր։
23 Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կը դնի այս ամենին եւ կը մտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու յետագայում։
24 Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները։
25 Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց,բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ։