ԵՍԱՅԻ. Chapter 17

1 Պատգամ Դամասկոսի մասին։Դամասկոսն ահաւասիկ պիտի վերանայ քաղաքների միջից, պիտի կործանուի.
2 յաւիտեան լքուած՝ պիտի դառնայ հօտերի մակաղատեղի եւ նախիրների հանգրուան, եւ ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։
3 Այլեւս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլեւս թագաւորութիւն չի մնալու Դամասկոսում, եւ ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետեւ նա աւելի լաւ չէ, քան իսրայէլացիներն ու նրանց փառքը,-այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը։
4 Այն օրը Յակոբի փառքը պիտի նսեմանայ, նրա փառքի մեծութիւնը պիտի սասանուի։
5 Այնպէս պիտի լինի, ինչպէս եթէ մէկը կանգնած ցորենը խուրձ-խուրձ հաւաքի իր գիրկը, ապա նրա յետեւից ընթանայ հասկաքաղը, կամ եթէ մէկը Հաստատութեան հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնայ խոզանը.
6 կամ էլ նմանուելու է այն ձիթենուն, որի բարձր ճիւղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին, - այսպէս է ասում Տէր Աստուած։
7 Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի սրբին։
8 Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապաւինելու են Իսրայէլի սրբին. ո՛չ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ո՛չ էլ իրենց գարշելի կուռքերին։
9 Այն օրը քո քաղաքները պիտի լքուեն ու աւերակ դառնան, ինչպէս որ Իսրայէլի զաւակների երեսից անհետացան ամորհացիներն ու խեւացիները։
10 Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես։
11 Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես։ Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը,
12 երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին։
13 Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման։
14 Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու։ Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն։
15 Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու։ Այս է ձեր աւարառուների բաժինը, եւ ժառանգութիւնը նրանց,որոնք կողոպտում էին ձեզ։