Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 20

1 Դրանից յետոյ ամոնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաեւ մինեցիներից ոմանք եկան Յոսափատի դէմ պատերազմելու։
2 Եկան ու այդ բանը յայտնեցին Յոսափատին՝ ասելով. Քեզ վրայ մեծ բազմութիւն է յարձակւում ծովի այն կողմից՝ Ասորիքից, եւ ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Գադդիում։
3 Յոսափատը վախեցաւ, երեսն ուղղելով դէպի Տէրը՝ աղօթեց եւ յայտարարեց, որ ծոմ պահեն ամբողջ Յուդայի երկրում։
4 Յուդայի երկրի բնակիչները հաւաքուեցին, որ դիմեն Տիրոջը. Յուդայի երկրի բոլոր քաղաքներից եկան դիմելու Տիրոջը։
5 Յոսափատը Երուսաղէմում, Տիրոջ տանը, դրա նոր գաւթի դիմաց կանգնեց Յուդայի երկրի ժողովականների մէջ
6 ու աղօթեց. Ո՜վ մեր հայրերի Տէր Աստուած, չէ՞ որ դո՛ւ ես Աստուած երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագաւորութիւնների վրայ. քո ձեռքում է իշխանութեան ուժը, եւ ոչ ոք չի կարող քեզ դէմ կանգնել։
7 Չէ՞ որ, Տէ՜ր, քո իսրայէլացի ժողովրդի առաջ դո՛ւ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին եւ երկիրը յաւիտեան տուեցիր քո սիրելի Աբրահամի յետնորդներին։
8 Սրանք բնակուեցին այստեղ եւ այստեղ էլ շինելով քո անուան սրբարանը՝ ասացին.
9 Եթէ մեզ վրայ գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կը կանգնենք այս տան առջեւ եւ քո առջեւ, քանզի քո անունը այս տան վրայ է, քեզ կը կանչենք նեղութեան մէջ լինելու դէպքում, եւ դու կը լսես ու կը փրկես մեզ։
10 Եւ արդ, ահա ամոնացիները, մովաբացիները եւ Սէիր լերան բնակիչները, որոնց երկրով թոյլ չտուեցիր անցնել, երբ իսրայէլացիները Եգիպտոսից դուրս եկան եւ շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
11 ահաւասիկ նրանք յանդգնել են մեզ վրայ յարձակուել ու մեզ հանել ժառանգութիւն ստացած մեր երկրից, որը դու ես տուել մեզ։
12 Ո՜վ Տէր Աստուած մեր, մի՞թէ նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զօրութիւն չունենք այս մեծ բազմութեան դէմ կանգնելու եւ չգիտենք, թէ ինչ անենք նրանց դէմ։ Մեր աչքերը քեզ են ուղղուած։
13 Յուդայի երկրի ողջ բնակչութիւնը, նաեւ երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջեւ։
14 Ասափի որդիներից ղեւտացի Մաթանիայի որդի Եղիէլի որդի Բանիասի որդի Զաքարիայի որդի Օզիէլի վրայ հաւաքի ժամանակ իջաւ Տիրոջ հոգին,
15 եւ Օզիէլն ասաց. Լսեցէ՛ք, Յուդայի մարդի՛կ, Երուսաղէմի բնակիչնե՛ր եւ Յոսափա՛տ արքայ, Տէրը ձեզ այսպէս է ասում. Մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք այս մեծ բազմութիւնից, քանզի պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։
16 Վաղն եւեթ յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, եւ դուք նրանց կը գտնէք Յերիէլի անապատում գտնուող գետի եզերքին։
17 Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմէք։ Հասկացէ՛ք ու կը տեսնէք ձեզ հետ եղող Տիրոջ փրկութիւնը։ Յուդայի՛ երկիր եւ Երուսաղէ՛մ, մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք. վաղը յարձակուեցէ՛ք նրանց վրայ, քանզի Տէրը ձեզ հետ է։
18 Յոսափատը, ամբողջ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչները երեսնիվայր խոնարհուելով՝ ընկան Տիրոջ առջեւ ու երկրպագեցին Տիրոջը։
19 Եւ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղեւտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տէր Աստծուն։
20 Նրանք առաւօտեան կանուխ զարթնելով՝ գնացին Թեկուայի անապատը։ Երբ նրանք վեր էին կենում, Յոսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. Ի՛նձ լսեցէք, Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, հաւատացէ՛ք մեր Տէր Աստծուն, եւ նա էլ ձեզ կը հաւատայ, հաւատացէ՛ք նրա մարգարէներին ու յաջողութիւն կ՚ունենաք։
21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ կարգեց սաղմոսերգուներ ու օրհնաբանողներ, որ զօրքի առջեւից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբութիւնները։ Նրանք ասում էին. Փառք տանք Տիրոջը, քանզի նրա ողորմածութիւնը յաւիտեան է։
22 Երբ նրանք սկսել էին օրհնել ու փառաբանել Տիրոջը, Տէրը ամոնացիներին կռուի հանեց մովաբացիների ու Սէիր լերան բնակիչների դէմ, որոնք եկել էին Յուդայի երկրի վրայ յարձակուելու։ Եւ նրանք պարտուեցին։
23 Ամոնացիներն ու մովաբացիները յարձակուեցին Սէիր լերան բնակիչների վրայ, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սէիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ սրանք իրար վրայ յարձակուեցին ու կոտորեցին միմեանց։
24 Յուդայի երկրի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանուած են, գետին ընկած, ու ոչ ոք չէր փրկուել։
25 Յոսափատն ու զօրքը եկան կողոպտելու նրանց աւարը։ Նրանք գտան մեծ թուով անասուններ, հանդերձանք, աւար ու թանկարժէք առարկաներ եւ այս ամէնը կողոպտեցին։ Նրանք երեք օր հաւաքում էին աւարը, որովհետեւ չափազանց շատ էր։
26 Չորրորդ օրը նրանք հաւաքուեցին Օրհնութեան հովտում, որովհետեւ այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչուեց Օրհնութեան հովիտ. եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։
27 Յուդայի երկրի բոլոր մարդիկ վերադարձան Երուսաղէմ։ Յոսափատը նրանց առաջնորդեց մեծ ուրախութեամբ, քանզի Տէրը նրանց ուրախութիւն էր տուել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։
28 Նրանք մտան Երուսաղէմ, Տիրոջ տունը քնարներով, տաւիղներով ու փողերով։
29 Երբոր երկրի բոլոր թագաւորութիւնները լսեցին, որ Տէրն է պատերազմել Իսրայէլի թշնամիների դէմ, Տիրոջ վախն ընկաւ նրանց վրայ։
30 Յոսափատի թագաւորութիւնը խաղաղուեց, եւ նրա Աստուածը ամէն կողմից հանգստացրեց նրան։
31 Յոսափատը իշխեց Յուդայի երկրի վրայ։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։
32 Յոսափատն ընթացաւ իր հօր՝ Ասայի ճանապարհներով, չխոտորուեց Տիրոջ ճանապարհից,
33 թէեւ տակաւին բարձրադիր մեհեաններ կային, եւ ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել իր հայրերի Տէր Աստծուն։
34 Յոսափատի մնացած գործերը, առաջինից մինչեւ վերջինը, գրուած են Անանի որդի Յէուի պատմութեան մէջ. նա է գրի առել Իսրայէլի թագաւորների պատմութիւնը։
35 Դրանից յետոյ Յուդայի երկրի արքայ Յոսափատը բարեկամացաւ Իսրայէլի արքայ Օքոզիայի հետ.
36 Յոսափատը անօրէնութիւն գործեց, երբ վեր կացաւ ու գնաց Օքոզիայի մօտ, որ նաւ պատրաստի ու գնայ Թարսիս։ Նա նաւ պատրաստեց Գասիոնգաբերում։
37 Մարեսացի Օդրիի որդի Եղիազարը Յոսափատի մասին մարգարէանալով ասաց. Քանի որ Օքոզիային սիրելի դարձար, Տէրը պիտի խառնի քո գործերը, քո նաւը պիտի խորտակուի, եւ դու չպիտի կարողացաս Թարսիս գնալ։