Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 23

1 Եօթներորդ տարում Յովիդայէն զօրացաւ եւ վերցնելով հարիւրապետներին՝ Յորամի որդի Ազարիասին, Յովնանի որդի Իսմայէլին, Յոբադի որդի Ազարիասին, Ադայիայի որդի Մասիասին, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարաւ Տիրոջ տունը։
2 Նրանք շրջեցին Յուդայի երկրում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներից հաւաքեցին ղեւտացիներին, Իսրայէլի տոհմերի իշխաններին եւ եկան Երուսաղէմ։
3 Նրանք Յուդայի երկրի բոլոր ժողովականների եւ արքայի հետ ուխտ դրեցին Տիրոջ տանը։ Նա նրանց ցոյց տալով արքայորդուն՝ ասաց. Ահաւասիկ Յուդայի երկրի արքայորդին. սա՛ պէտք է թագաւորի, ինչպէս Տէրն ասել էր Դաւթի տան մասին։
4 Արդ, պէտք է անէք հետեւեալը. ձեզնից՝ քահանաներիցդ ու ղեւտացիներիցդ նրանք, որ շաբաթ օրուայ պաշտամունք են կատարում, նրանց մէկ երրորդ մասը պէտք է պահպանի դռների մուտքը,
5 մէկ երրորդ մասը պէտք է լինի արքայի պալատում, իսկ միւս մէկ երրորդ մասը պէտք է լինի Հիմքի դռան մօտ։ Ամբողջ ժողովուրդը պէտք է լինի Տիրոջ տան գաւթում։
6 Ոչ ոք չպէտք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղեւտացիներից ու սպասաւորութեան կոչուած ղեւտացիներից։ Սրանք միայն պէտք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պէտք է Տիրոջ հրամանները կատարի։
7 Ղեւտացիները, ամէն մէկն իր ձեռքին զէնք ունենալով, պէտք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կը սպանուի։ Նրանք պէտք է ուղեկցեն արքային, որտեղ էլ որ նա գտնուի։
8 Ղեւտացիները եւ Յուդայի երկրի բոլոր բնակիչները ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Յովիդայէ քահանան պատուիրեց. ամէն մէկն ընտրեց իր մարդկանց, թէ՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրուայ իրենց պաշտամունքը եւ թէ՛ նրանց, որ այդ օրը աւարտում էին այն, քանի որ Յովիդայէն ամենօրեայ պահապաններին չէր արձակել։
9 Յովիդայէն նրանց տուեց սուսերներ, վահաններ եւ զէնքեր, որ Դաւիթ արքայինն էին եւ պահւում էին Աստծու տանը։
10 Նա ամբողջ ժողովրդին, ամէն մէկին իր զէնքով կանգնեցրեց տան աջ կողմից մինչեւ զոհասեղանի եւ տաճարի ձախ կողմը, թագաւորի շուրջը։
11 Դուրս բերելով արքայորդուն՝ նա նրա վրայ դրեց թագն ու Վկայութեան գիրը. Յովիդայէն ու իր որդիները նրան թագաւոր դարձրին եւ օծեցին՝ գոչելով. Կեցցէ՜ արքան։
12 Երբ Գոթողիան լսեց վազող, արքային փառաբանող ու օրհնող ժողովրդի ձայնը, մտաւ արքայի մօտ՝ Տիրոջ տունը,
13 ու տեսաւ, որ թագաւորը իր տեղում է, իսկ զօրապետները, փողհարները եւ իշխանները կանգնած են արքայի շուրջը, ճանապարհի մուտքի մօտ։ Ամբողջ ժողովուրդը զուարճանում էր, փողեր էր հնչեցնում, նուագարաններով երգեր էր երգում, օրհնութիւններ առաքում առ Աստուած։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. Դուք դաւադրութեամբ խարդախ խաղ խաղացիք։
14 Յովիդայէ քահանան տեղից բարձրանալով՝ պատուիրեց հարիւրապետներին եւ զօրքի հրամանատարներին՝ ասելով նրանց. Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեցէք, հետեւեցէ՛ք նրան ու սրով սպանեցէ՛ք։ Քահանան ասաց. Նա Տիրոջ տան մէջ թող չմեռնի։
15 Թոյլ տուեցին, որ նա դուրս գնայ, եւ երբ անցաւ արքայի հեծեալների տան դռան կողքով, նրան այնտեղ սպանեցին։
16 Յովիդայէն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջեւ, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կը լինեն։
17 Երկրի ամբողջ ժողովուրդը մտաւ Բահաղի տունը, ջարդուփշուր արեց նրան ու նրա զոհասեղանները, փշրեց նրա կուռքերը, իսկ Բահաղի Մաթան քուրմին սպանեց նրա զոհասեղանի առջեւ։
18 Յովիդայէն Տիրոջ տան գործը յանձնեց քահանաներին ու ղեւտացիներին, վերականգնեց քահանաների ու ղեւտացիների մշտական սպասաւորութիւնը, որ Դաւիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարուելու համար, Տիրոջը ողջակէզներ մատուցեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ՝ ուրախութեամբ ու երգերով, ըստ Դաւթի սահմանած կարգի։
19 Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մօտ, եւ ոչ մի անմաքուր մարդ որեւէ կերպ այնտեղ չէր մտնում։
20 Նա կանչեց տոհմերի պետերին, զօրապետներին ու ժողովրդի իշխաններին եւ երկրի ամբողջ ժողովրդին։ Սրանք արքային հանելով Տիրոջ տնից՝ ներքին դռնով մտան թագաւորական տունը եւ արքային նստեցրին թագաւորական գահին։
21 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։