Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 5

1 Սողոմոնն աւարտելով Տիրոջ տան կառուցման ամբողջ գործը՝ իր հայր Դաւթի սրբութիւնները, արծաթն ու ոսկին եւ սպասքը տարաւ ներս ու դրեց Տիրոջ տան գանձարանը։
2 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
3 Տօն կատարելու համար եօթներորդ ամսին արքայի մօտ հաւաքուեցին Իսրայէլի բոլոր տղամարդիկ։
4 Եկան Իսրայէլի բոլոր ծերերը։ Բոլոր ղեւտացիները վերցրին տապանակը, վկայութեան խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը,
5 եւ քահանաներն ու ղեւտացիները տարան դրանք։
6 Սողոմոն արքան, բոլոր իսրայէլացիները, աստուածավախ եւ տապանակի առջեւ հաւաքուած մարդիկ զուարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիւն անհնար էր հաշուել շատութեան պատճառով։
7 Ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբութիւնների սրբութեան մէջ, քերովբէների թեւերի տակ։
8 Քերովբէներն իրենց թեւերը տարածելով տապանակի վրայ՝ վերեւից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։
9 Ձողերը շուրջը բռնել էին եւ դրանց ծայրերը երեւում էին միայն Սրբութիւնների սրբութիւնից, իսկ դրսից չէին երեւում։ Դրանք մինչեւ այսօր էլ այնտեղ են։
10 Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի երկու տախտակներից, որ Մովսէսն էր դրել այնտեղ Քորէբում։ Դրանցով Տէրն ուխտ էր դրել իսրայէլացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։
11 Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնուող բոլոր քահանաներն էլ սրբագործուել էին եւ չէին նշանակուած ըստ իրենց ամենօրեայ սպասաւորութեան),
12 բոլոր սաղմոսերգու ղեւտացիները՝ Ասափի, Եմանի եւ Իդիթոմի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզէ պատմուճաններ հագած, տաւիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արեւելեան կողմը կանգնեցին։
13 Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց ձայնը բարձրացնելով՝ ասում էին. Գովերգեցէ՛ք եւ օրհնեցէ՛ք Տիրոջը։ Եւ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նուագարանների նուագակցութեամբ իրենց ձայնը բարձրացրին, կրկնեցին. Գովերգեցէ՛ք Տիրոջը եւ օրհնեցէ՛ք, քանզի նա բարի է, եւ յաւիտեան է նրա ողորմածութիւնը։ Այն ժամանակ Տիրոջ տունը լցուեց Նրա փառքի ամպով,
14 եւ քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, քանզի Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։