Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 36

1 Երկրի ժողովուրդը Յոսիասի որդի Յովաքազին օծեց ու իր հօր փոխարէն Երուսաղէմում դարձրեց թագաւոր։
2 Յովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր, որը լոբնացի Երեմիայի դուստրն էր։ Յովաքազը չարիք գործեց Տիրոջ առջեւ, այն բոլոր չարիքները, որ գործել էին նրա նախնիները։
3 Նեքաւով փարաւոնը նրան բռնեց Դեբլաթայում, Եմաթի երկրում, եւ նա այլեւս չկարողացաւ թագաւորել Երուսաղէմում։ Արքան նրան տարաւ Եգիպտոս եւ երկրի վրայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրեց։
4 Նեքաւով փարաւոնը Յուդայի երկրի արքայ Յոսիասի որդի Եղիակիմին նշանակեց նրա հօր՝ Յոսիասի փոխարէն եւ նրա անունը փոխեց ու դրեց Յովակիմ, իսկ նրա եղբայր Յովաքազին Նեքաւով փարաւոնն առաւ եւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարաւոնին։ Այնուհետեւ երկիրն սկսեց հարկեր վճարել, եւ արծաթը տալիս էին ըստ փարաւոնի հրամանի։ Երկրի ժողովրդից՝ ամէն մէկից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ նրա կարողութեան, որպէսզի դրանք յանձնեն Նեքաւով փարաւոնին։
5 Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Զեկքորա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջեւ գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտաւ Յուդայի երկիրը։ Յովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։ Տէրն ուղարկեց նրա դէմ քաղդէացիներին, Ասորիքի աւազակներին, մովաբացիների աւազակներին եւ ամոնացիներին ու սամարացիներին։ Եւ այս բաներից յետոյ նրանք ազատուեցին, ինչպէս ասել էր Տէրն իր ծառայ մարգարէների միջոցով։ Տիրոջ զայրոյթը, սակայն, դեռ Յուդայի երկրի վրայ էր, որ վերացնի իր աչքի առաջից Մանասէի գործած բոլոր մեղքերի, Մանասէի թափած անմեղ արեան՝ Երուսաղէմում թափած անմեղ արեան պատճառով։ Տէրը, սակայն, չուզեց ոչնչացնել նրանց։
6 Յովակիմի վրայ յարձակուեց Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը եւ նրան կապեց պղնձէ շղթաներով ու տարաւ Բաբելոն։
7 Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարաւ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնուող իր տաճարում։
8 Յովակիմի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել էր, չէ՞ որ ահա գրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը ու թաղուեց Գանոզայում, իր նախնիների մօտ։
9 Յովակիմի փոխարէն թագաւորեց իր որդի Յեքոնիասը։
10 Տասնութ տարեկան էր Յեքոնիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ։
11 Երբ տարին բոլորուեց, Նաբուքոդոնոսոր արքան մարդ ուղարկեց ու նրան Տիրոջ տան թանկարժէք սպասքով հանդերձ տարաւ Բաբելոն։ Նա Յուդայի երկրում ու Երուսաղէմում թագաւորական գահին նստեցրեց նրա հօրեղբօրը՝ Սեդեկիասին։
12 Քսանմէկ տարեկան էր Սեդեկիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։
13 Նա չարիք գործեց իր Տէր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարէից, ո՛չ էլ Տիրոջ խօսքերից։
14 Սեդեկիասն ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դէմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդուեցրել էր Աստծու անունով, դարձաւ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնայ Իսրայէլի Տէր Աստծուն։
15 Յուդայի երկրի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդները բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրէնութիւնները եւ պղծեցին Տիրոջ տունը Երուսաղէմում։
16 Նրանց հայրերի Տէր Աստուածը մարգարէների միջոցով շտապ առաքեց իր պատգամախօսներին, քանզի խնայում էր իր ժողովրդին եւ իր սրբավայրը։
17 Մարդիկ արհամարհեցին նրա պատգամախօսներին, մերժեցին նրանց խօսքերը ու ծաղրեցին նրա մարգարէներին մինչեւ այն աստիճան, որ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց ժողովրդի վրայ, որից յետոյ նրանք փրկութիւն չունեցան։
18 Տէրը նրանց վրայ ուղարկեց քաղդէացիների թագաւորին, որը սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբութեան տան մէջ, չխնայեց նաեւ Սեդեկիասին, չողորմեց նրանց կոյս աղջիկներին եւ նրանց բոլոր ծերերին մատնեց թշնամիների ձեռքը։
19 Նա Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը եւ արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամէն ինչ տարաւ Բաբելոն,
20 այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղէմի պարիսպը եւ նրա մէջ եղած ապարանքները հրոյ ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամէն մի գեղեցիկ անօթ,
21 իսկ վերապրածներին գերեվարեց Բաբելոն։
22 Այնտեղ նրանք նրա ու նրա սերնդի ծառաները դարձան մինչեւ մարաց թագաւորութեան հաստատումը, որպէսզի
23 կատարուի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, թէ՝ Երկիրը պիտի լքուի եօթանասուն տարի, մինչեւ որ լրանայ շաբաթօրեայ հանգստի իր ժամանակը, որպէս հատուցում շաբաթօրեայ հանգստեան այն ժամանակի, որ չէր պահպանուել։
24 Պարսից արքայ Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում, երբ կատարուեց Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս արքայի հոգին եւ պատուիրեց իր ամբողջ թագաւորութեան մէջ գրաւոր հրովարտակ ծանուցել, ուր ասուած էր.
25 Այսպէս է ասում Պարսից Կիւրոս արքան. Երկնքի Տէր Աստուածն ինձ է յանձնել աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ Նա ինձ է պատուիրել Հրէաստանում՝ Երուսաղէմում, կառուցել իր տունը։ Ձեզնից ով որ Նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնայ, եւ թող Տէր Աստուածն իր հետ լինի։