Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 10

1 Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու։
2 Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը Սողոմոն արքայի երեսից Եգիպտոս էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։
3 Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին.
4 Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք։
5 Նա նրանց ասաց. Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ։ Ժողովուրդը գնաց։
6 Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին։
7 Նրանք ասացին նրան. Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն։
8 Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում։
9 Նա ասաց նրանց. Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ։
10 Նրա տարեկից ընկերները նրան ասացին. Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից։
11 Նրանց այսպէս կ՚ասես. Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը։ Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով։
12 Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը։
13 Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը,
14 եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն։ Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով։
15 Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց։
16 Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայէլ, եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ Դաւիթ։
17 Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր։
18 Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։ Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։
19 Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր։