Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 32

1 Այս բաներից եւ հաւատարմութեամբ արուած գործերից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կը գրաւի դրանք։
2 Եզեկիասը տեսնելով, որ Սենեքերիմը իր դէմ է եկել պատերազմելու Երուսաղէմի դիմաց,
3 խորհրդակցեց ծերերի ու զինուորականների հետ քաղաքից դուրս գտնուող աղբիւրների ջրերը փակելու մասին։ Եւ փակեցին դրանք։
4 Նա մեծ թուով մարդկանց հաւաքեց, որոնք փակեցին աղբիւրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ նրա միջով անցնելով։ Նրանք ասացին. Չլինի, թէ Ասորեստանի արքան, գալով, առատ ջուր գտնի եւ հզօրանայ։
5 Եզեկիասը զօրացաւ եւ վերաշինեց բոլոր կործանուած պարիսպներն ու աշտարակները, ինչպէս նաեւ կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դաւթի քաղաքի պատնէշները եւ շատ զէնք կուտակեց։
6 Նա զօրքերի վրայ հրամանատարներ նշանակեց, որոնք հաւաքուեցին նրա մօտ Ձորի հրապարակում։ Նա սրտապնդեց նրանց՝ ասելով.
7 Զօրացէ՛ք ու քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք Ասորեստանի թագաւորից եւ այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետեւ մեզ հետ եղածներն աւելի շատ են, քան նրանց հետ եղածները։
8 Նրանք ունեն մարմնաւոր բազուկներ, իսկ մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որ մեզ կը փրկի ու մեր պատերազմը ինքը կը մղի։ Եւ ժողովուրդը քաջալերուեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասի խօսքերից։
9 Դրանից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը իր զօրապետներին ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքը իր ամբողջ զօրքով մնաց Լաքիսում։ Նա լուր ուղարկեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասին, որ Երուսաղէմում էր։ Նա երուսաղէմացիներին դիմելով՝ ասում էր.
10 Այսպէս է ասում Ասորեստանի արքայ Սենեքերիմը. Ո՞ւմ ապաւինելով էք դուք նստել Երուսաղէմի ամրոցում։
11 Չէ՞ որ Եզեկիասը ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահուան, սովի ու ծարաւի՝ ասելով. Ձեր Տէր Աստուածը կը փրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից։
12 Դա այն Եզեկիասը չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, բարձրադիր մեհեանները եւ ասաց Յուդայի՝ Երուսաղէմի բնակիչներին. Միայն այս զոհասեղանի առջեւ պէտք է երկրպագէք եւ այս զոհասեղանի վրայ պիտի զոհ մատուցէք։
13 Դուք չգիտէ՞ք, թէ ինչ ենք արել ես եւ իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թէ բոլոր այդ երկրների ազգերի աստուածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։
14 Այս ազգերի բոլոր աստուածներից ո՞ր մէկին իմ հայրերը չկործանեցին, մի՞թէ կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից, եւ ինչպէ՞ս կարող է ձեր Աստուածը ձեզ իմ ձեռքից փրկել։
15 Արդ, Եզեկիասը թող ձեզ չխաբի, թող ձեզ չյուսադրի։ Մի՛ հաւատացէք նրան, քանզի բոլոր ազգերի ու թագաւորութիւնների աստուածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ եւ իմ նախնիների ձեռքից. ձեր Աստուածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից։
16 Եւ դեռ աւելին խօսեցին նրա ծառաները Տէր Աստծու եւ նրա ծառայ Եզեկիասի մասին։
17 Սենեքերիմը նամակ էր գրել, ուր հայհոյում էր Իսրայէլի Տէր Աստծուն եւ որի մասին ասում էր. Երկրի ուրիշ ազգերի աստուածները իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, նոյնպէս եւ Եզեկիասի Աստուածը իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից։
18 Եւ Սենեքերիմի զօրապետները եբրայերէն բարձրաձայն դիմեցին Երուսաղէմի պարսպի վրայ եղած ժողովրդին, որ օգնեն իրենց՝ քանդեն պարիսպը, որպէսզի իրենք շուտափոյթ գրաւեն քաղաքը։
19 Նա խօսեց Երուսաղէմի Աստծու մասին այնպէս, ինչպէս կը խօսեն երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտուած աստուածների մասին։
20 Եզեկիաս արքան եւ Ամոսի որդի Եսայիաս մարգարէն աղօթք արեցին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։
21 Տէրը հրեշտակ ուղարկեց եւ բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնուող բոլոր զօրաւոր մարդկանց եւ պատերազմիկներին, իշխաններին ու զօրագլուխներին։ Սենեքերիմը ամօթապարտ վերադարձաւ իր երկիրը, գնաց իր աստուածների տունը, եւ իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին իրեն։
22 Տէրը Եզեկիասին ու Երուսաղէմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից, եւ նրանց երկրի բոլոր վայրերում խաղաղութիւն տիրեց։
23 Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղէմ եւ ընծաներ՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիասին։ Եզեկիասը բարձրացաւ բոլոր ազգերի աչքին։
24 Դրանից յետոյ այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիւանդացաւ։ Նա աղօթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցոյց տուեց,
25 բայց Եզեկիասն իր նկատմամբ ցոյց տրուած բարերարութեան համեմատ չհատուցեց, այլ մեծամտացաւ, ուստի բարկութիւն իջաւ նրա, Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ։
26 Եզեկիասը հրաժարուեց իր մեծամտութիւնից, նոյնպէս եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այլեւս Եզեկիասի թագաւորութեան օրօք Տիրոջ բարկութիւնը չիջաւ նրանց վրայ։
27 Եզեկիասը շատ մեծ հարստութեան եւ փառքի տիրացաւ։ Նա իր համար ոսկու, արծաթի եւ թանկարժէք քարերի գանձարաններ ստեղծեց, նաեւ հաւաքեց մեծ քանակութեամբ խունկ, զէնք, թանկարժէք անօթներ։
28 Նա կառուցել տուեց ցորենի, գինու եւ ձէթի շտեմարաններ, գիւղեր, ամէն տեսակ անասունների ախոռներ, հօտերի համար գոմեր,
29 իր համար քաղաքներ։ Նա մեծ թուով ոչխարներ ու արջառներ ունեցաւ, որովհետեւ Տէրը նրան չափազանց շատ հարստութիւն էր տուել։
30 Նոյն այս Եզեկիասը փակեց Վերին Գեհոնի ջրի ընթացքը եւ այն ուղղեց ցած՝ դէպի Դաւթի քաղաքի արեւմտեան կողմը։ Եզեկիասի բոլոր գործերը յաջողութիւն ունեցան։
31 Երբ Բաբելոնից իշխաններ եւ դեսպաններ ուղարկեցին նրա մօտ՝ հարցնելու նրան իր մասին եւ իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տէրը ազատ թողեց նրան՝ փորձելու եւ գիտենալու համար, թէ ի՞նչ կայ նրա սրտում։
32 Եզեկիասի մնացած գործերը եւ նրա բարեպաշտութիւնը ահա գրի են առնուած Ամոս մարգարէի որդի Եսայիասի մարգարէութեան մէջ եւ Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։
33 Եզեկիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին մի բարձր տեղ, Դաւթի յետնորդների գերեզմանների վերին մասում։ Նրա մահուան առթիւ նրանց փառք ու պատիւ տուեցին ամբողջ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչները։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Մանասէն։