Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 6

1 Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ,
2 բայց ես տուն շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան։
3 Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին։ Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա շուրջն էին կանգնած։
4 Արքան ասաց. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դաւթին, այն էլ կատարեց իր ձեռքով։
5 Նա ասել էր. Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինուի, որ իմ անունն այնտեղ լինի, որեւէ մէկին չընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի առաջնորդը լինի։
6 Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի։
7 Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել,
8 ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։
9 Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու։
10 Աստուած իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի Իսրայէլի Տէր Աստծու անուան այս տունը,
11 այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ։
12 Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը։
13 (Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում։ Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ հինգ կանգուն, եւ բարձրութիւնը՝ երեք կանգուն)։ Դրա վրայ կանգնելով՝ նա Իսրայէլի բոլոր ժողովականների առջեւ ծնրադրեց եւ իր ձեռքերը դէպի երկինք մեկնելով՝
14 ասաց. Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը բոլոր նրանց, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջեւից։
15 Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։
16 Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. Քեզ համար երբեք չի պակասելու մարդ, որ նստի Իսրայէլի գահի վրայ, միայն թէ քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները՝ ընթանան իմ առջեւից, ինչպէս դու ես ընթացել իմ առջեւից։
17 Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի։
18 Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան տեղաւորելու համար), ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։
19 Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու աղօթքները,
20 որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես հաստատելու դրա մէջ, որպէսզի այս տեղո՛ւմ լսես քո ծառայի աղաչական աղօթքը։
21 Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան վայրում, ունկնդի՛ր եղիր ու ողորմած։
22 Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա երդում տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի առջեւ, այս տան մէջ,
23 եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը, արդարացրո՛ւ արդարին եւ հատուցի՛ր ամէն մէկին ըստ իր արդարութեան չափի։
24 Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը փառք տայ, աղօթքի կանգնի ու պաղատի քո առջեւ այս տան մէջ,
25 ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես տուել։
26 Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն, փառաբանեն քո անունը եւ իրենց մեղքերից դարձ կատարեն (քանի որ դու կարող ես նկուն դարձնել նրանց),
27 ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ քո ժողովրդին որպէս ժառանգութիւն տրուած երկրին անձրե՛ւ պարգեւիր։
28 Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, որեւէ աղէտ լինի, կամ համաճարակ,
29 երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր ձեռքերը երկարի դէպի այս տունը,
30 ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես ճանաչում նրա սիրտը (քանզի միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը),
31 որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ՚ապրեն նրանց հայրերին տրուած երկրում։
33 Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է հեռաստանից ու աղօթքի կանգնել այս վայրում,
34 ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից, որպէսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպէս, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ գիտենան, որ քո անունով է կոչուած իմ շինած այս տունը։
35 Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ՚ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն քեզ՝ իրենց հայեացքն ուղղելով դէպի քո այս ընտրած քաղաքն ու դէպի այս տունը, որ շինել եմ քո անուան համար,
36 ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը։
37 Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ մեղք չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ գերեվարելով նրանց տանեն թշնամիների հեռաւոր կամ մօտիկ երկիրը,
38 եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ Մեղք եւ անօրէնութիւն ենք գործել,
39 իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած քաղաքի եւ քո անուան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղօթեն,
40 ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո դէմ մեղանչած ժողովրդին։
41 Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։
42 Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը.
43 քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն,
44 եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ։
45 Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից, յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ։