Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 27

1 Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր։
2 Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել։ Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։
3 Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց։
4 Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ։
5 Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ ցորեն ու տասը հազար քոռ գարի։ Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում։
6 Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով։
7 Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։
8 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։
9 Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը։