Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 31

1 Երբ այս ամէնն աւարտուեց, ոտքի ելան Յուդայի երկրի քաղաքներում գտնուող բոլոր իսրայէլացիները, ամբողջ Հրէաստանում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասէի երկրներում իսպառ փշրեցին արձանները, կոտորեցին կուռքերը, կործանեցին բարձրադիր մեհեաններն ու բագինները։ Եւ բոլոր իսրայէլացիներից իւրաքանչիւրը վերադարձաւ իր կալուածքը եւ իր քաղաքը։
2 Եզեկիասը քահանաների ու ղեւտացիների դասին նշանակեց հանապազօրեայ սպասաւորութեան, քահանայ լինեն թէ ղեւտացի, ամէն մէկին ըստ իր պաշտօնի, որպէսզի ողջակէզներ ու փրկութեան զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գովաբանեն եւ ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մօտ։
3 Թագաւորն իր ունեցուածքից բաժին հանեց առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների, շաբաթ օրերի, ամսամուտների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս գրուած է Տիրոջ Օրէնքում։
4 Նա Երուսաղէմում բնակուող ժողովրդին կարգադրեց, որ բաժին տան քահանաներին ու ղեւտացիներին, որպէսզի սրանք կարողանան կատարել Տիրոջ տան ծառայութիւնը։
5 Երբ այս բանը հրամայեց, իսրայէլացիները առատօրէն բերեցին ցորենի, գինու, ձէթի, մեղրի եւ դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները առատօրէն բերեցին նաեւ ամէն ինչի տասանորդը։
6 Յուդայի երկրի քաղաքներում բնակուողները նոյնպէս բերեցին զուարակների ու ոչխարների տասանորդները, բերեցին եւ դարսեցին կոյտ-կոյտ։
7 Կոյտերն սկսեցին դիզուել երրորդ ամսին եւ աւարտի հասան եօթներորդ ամսին։
8 Եզեկիասն ու իշխանները եկան տեսան կոյտերը եւ օրհնեցին Տիրոջն ու նրա իսրայէլացի ժողովրդին։
9 Եզեկիասը քահանաներին ու ղեւտացիներին հարցրեց կոյտերի մասին,
10 եւ Ազարիաս քահանան՝ Սադոկի տան իշխանը, ասաց նրան. Այն բանից յետոյ, երբ սկսեցին նուէրներ բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու խմեցինք եւ թողեցինք այդ մնացորդները, քանզի ամենակալ Տէրն օրհնեց իր այդ ժողովրդին, եւ ահա այսքան շատ էլ աւելացել է։
11 Եզեկիասն ասաց. Ուրիշ շտեմարաններ եւս պատրաստեցէ՛ք Տիրոջ տանը։
12 Պատրաստեցին եւ այնտեղ հաւատարմութեամբ բերեցին նուէրներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղեւտացի Քոքենիասն էր, իսկ նրա եղբայր Սեմէին իր փոխանորդն էր։
13 Յեիէլը, Օզիասը, Նաթանը, Ասայէլը, Յերիմոթը, Յոզաբադը, Ելիէլը, Սամաքիան, Մաաթը, Բանեասն ու նրա որդիները օգնում էին Քոքենիասին ու նրա եղբայր Սեմէիին, ինչպէս հրամայել էր Եզեկիաս արքան։
14 Ազարիասը Տիրոջ տան ղեկավարն էր, ղեւտացի Յեմնայի որդի Կորէն արեւելեան կողմի դռան պահապանն էր, Տիրոջը մատուցուող նուէրների եւ ամենասուրբ իրերի վերակացուն,
15 որին հաւատարմօրէն օգնում էին Օդոմը, Բենիամինը, Յեսուն, Սեմէին, Մարիսը, Սեքինիան ու քահանաները։ Նրանք, ըստ ամենօրեայ սպասաւորութեան, ըստ մեծի ու փոքրի, դրանք պիտի բաժանէին իրենց եղբայրներին,
16 նաեւ երեք տարեկանից բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանց, ամէն մէկին, ով ամէն օր մտնում էր Տիրոջ տունը՝ ըստ իր կարգի ամենօրեայ սպասաւորութիւն կատարելու։
17 Քահանաները հաշուառուած էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող ղեւտացիները արձանագրուած էին ըստ իրենց ամենօրայ պաշտօնի։
18 Սրանք արձանագրուած էին իրենց նոր ծնուած տղաներով եւ աղջիկներով ու ամբողջ բազմութեամբ, քանի որ սրանք հաւատարմօրէն սրբագործեցին սրբազան վայրը։
19 Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին պէտք է հանէին արական սեռի բոլոր քահանաներին ու ղեւտացիների ցուցակի մէջ մտած մարդկանց։
20 Եզեկիասն այսպէս արեց ամբողջ Յուդայի երկրում. նա Տիրոջ առաջ բարի եւ ուղիղ գործ կատարեց։
21 Ամէն մի գործ, որին ձեռնարկեց թէ՛ Տիրոջ տանը ծառայելիս, թէ՛ Տիրոջ օրէնքն ու պատուիրանը կատարելիս, իր ամբողջ սրտով յարեց Աստծուն, կատարեց եւ յաջողութիւն ունեցաւ։