Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 22

1 Երուսաղէմի բնակիչները Յորամի փոխարէն գահ բարձրացրին նրա կրտսերագոյն որդուն՝ Օքոզիասին, քանզի նրա բոլոր աւագ եղբայրներին սպանել էին նրանց վրայ յարձակուած աւազակախմբերը, արաբները եւ ալիմազոնացիները։ Թագաւոր դարձաւ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը։
2 Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Գոթողիա էր։ Սա Ամրիի դուստրն էր։
3 Օքոզիասն ընթացաւ Աքաաբի տան ճանապարհով, քանզի նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։
4 Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար նրանք էին դարձել իր խորհրդականները։
5 Նա առաջնորդուեց նրանց խորհուրդներով, Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքայ Ազայէլի դէմ պատերազմելու։ Եւ աղեղնաւորները վիրաւորեցին Յորամին։
6 Յորամը վերադարձաւ Յեզրայէլ, որ բուժուի այն վէրքերից, որ ասորիները պատճառել էին Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքայ Ազայէլի դէմ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը եկաւ Յեզրայէլ, որ այցելի Աքաաբի որդի Յովրամին, որը հիւանդ էր։
7 Տիրոջ պատուհասը իջաւ Օքոզիասի գլխին այն ժամանակ, երբ սա գնացել էր Յորամի մօտ։ Մինչ նա գնում էր, յարձակուեց Ամեսսիի որդի, Տիրոջից օծեալ Յէուի վրայ։
8 Երբ Յէուն վրէժ էր լուծում Աքաաբի տնից, տեսաւ, որ Յուդայի իշխանները՝ Օքոզիասի եղբօրորդիները, ծառայում էին Օքոզիասին, ուստի կոտորեց նրանց։
9 Նա հրամայեց փնտռել գտնել Օքոզիասին։ Նրան բռնեցին Սամարիայում, ուր բուժւում էր։ Նրան բերեցին Յէուի մօտ, որն սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին, թէ նա որդին է Յոսափատի, որն իր ամբողջ սրտով ձգտում էր Տիրոջը։ Եւ Օքոզիասի տան մէջ չգտնուեց մէկը, որ ձեռք առնէր թագաւորական իշխանութիւնը։
10 Օքոզիասի մայրը՝ Գոթողիան, երբ տեսաւ, թէ որդին մեռել է, վեր կացաւ ու կոտորեց Յուդայի տան ամբողջ թագաւորական սերունդը։
11 Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին տեղաւորեց անկողինների սենեակում։ Յոսաբեթը, որը Յորամ արքայի դուստրն էր, Օքոզիասի քոյրը եւ Յովիդայէ քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, ուստի սա չկարողացաւ սպանել նրան։
12 Նա վեց տարի նրա հետ թաքնուած մնաց Աստծու տանը։ Գոթողիան վեց տարի թագաւորեց երկրում։