Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 11

1 Ռոբովամը եկաւ Երուսաղէմ, Յուդայի ու Բենիամինի տներից հաւաքեց պատերազմի ընդունակ հարիւր ութսուն հազար երիտասարդներ եւ պատերազմեց Իսրայէլի դէմ, որ թագաւորութիւնն իրեն վերադարձնի։
2 Տէրը խօսեց Աստծու մարդու՝ Սամէասի հետ՝ ասելով.
3 Խօսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի երկրի ու Բենիամինի երկրի բոլոր մարդկանց հետ՝ ասելով. Այսպէս է ասում Տէրը.
4 մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ ետ դարձան Յերոբովամի վրայ արշաւելուց։
5 Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում եւ պարսպապատ քաղաքներ կառուցեց Հրէաստանում։
6 Նա շինեց Բեթղեհէմը, Ետանին, Բեքովեան,
7 Բեթսուրան, Սոկքովը, Օդողամը,
8 Գէթը, Մարիսան, Զիփը,
9 Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,
10 Սարաան, Աեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի երկրում ու Բենիամինի երկրում պարսպապատ քաղաքներ էին։
11 Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրայ, բոլոր քաղաքներում ուտելիքի՝ ձէթի ու գինու ամբարներ շինեց,
12 վահաններ ու նիզակներ պատրաստեց եւ յաճախակի ամրացրեց այդ քաղաքները։
13 Ռոբովամին էին պատկանում Յուդայի ու Բենիամինի երկրները։ Ամբողջ Իսրայէլի մէջ գտնուող քահանաներն ու ղեւտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մօտ հաւաքուեցին, որովհետեւ ղեւտացիները իրենց սեփականութիւնը հանդիսացող բնակավայրերը լքեցին ու գնացին Յուդայի երկիրը՝ Երուսաղէմ.
14 Յերոբովամն ու նրա որդիները զրկել էին նրանց Տիրոջն սպասաւորելու պարտականութիւնից։
15 Նա իր պատրաստած բարձրադիր մեհեանների, կուռքերի, չաստուածների ու երինջների վրայ քրմեր նշանակեց։
16 Նա Իսրայէլի ցեղերից առանձնացրեց բոլոր նրանց, ովքեր սրտանց փնտռում էին Իսրայէլի Տէր Աստծուն։ Սրանք եկան Երուսաղէմ, որ իրենց հայրերի Տէր Աստծուն զոհեր մատուցեն,
17 եւ զօրացրին Յուդայի երկրի թագաւորութիւնը։ Երեք տարով հզօրացաւ Սողոմոնի որդի Ռոբովամը, որովհետեւ նա երեք տարի ընթացաւ Դաւթի ու Սողոմոնի ճանապարհներով։
18 Ռոբովամը կին առաւ Դաւթի որդի Յերիմութի դուստր Մոլաթին ու Յեսսէի որդի Եղիաբի դուստր Աբիադին։
19 Նրանք Ռոբովամի համար ծնեցին երեք որդիներ՝ Յերումին, Սամարիային ու Ալովին։
20 Դրանից յետոյ նա ամուսնացաւ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, եւ սա նրա համար ծնեց Աբիասին, Եթթիին, Իզային, Սալեմոթին։
21 Ռոբովամը իր բոլոր կանանց ու հարճերի մէջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ունէր տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։
22 Ռոբովամը Մաաքայից ծնուած Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրայ, քանզի նպատակ ունէր նրան թագաւոր դարձնել։
23 Յուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում Ռոբովամն աւելի հզօր եղաւ, քան իր բոլոր որդիները, եւ ամրացուած քաղաքներում նրանց տուեց ուտելիքի խիստ առատ պաշար եւ նրանց համար բազում կանայք փնտռեց։