Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 25

1 Քսանհինգ տարեկան էր Ամասիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունը Յովադին էր։
2 Ամասիասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, բայց ոչ լիակատար սրտով։
3 Եւ պատահեց, որ երբ թագաւորութիւնն անցաւ իր ձեռքը, նա սպանեց այն պալատականներին, որոնք սպանել էին իր արքայ հօրը։
4 Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, եւ որդիները չպէտք է մեռնեն հայրերի փոխարէն, այլ ամէն ոք պէտք է իր մեղքերի համար մեռնի։
5 Ամասիասը հաւաքեց Յուդայի տան մարդկանց եւ նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարիւրապետներ նշանակեց Յուդայի ամբողջ երկրում ու Երուսաղէմում։ Նա քսան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշուառում կատարեց եւ տեսաւ, որ նրանք պատերազմի ելնելու, նիզակ ու ասպար կրելու ընդունակ երեք հարիւր հազար հոգի են։
6 Բացի այդ, Իսրայէլից նա հարիւր տաղանդ արծաթով հարիւր հազար հզօր մարդ վարձեց։
7 Նրա մօտ Աստծու մի մարդ եկաւ եւ ասաց. Արքա՛յ, թող Իսրայէլի զօրքերը քեզ հետ չգնան, որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ եւ նոյնիսկ Եփրեմի ոչ բոլոր որդիների հետ է։
8 Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա Տէրը քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի Տէրն է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը։
9 Ամասիասն ասաց Աստծու մարդուն. Հապա ի՞նչ անեմ այն հարիւր տաղանդը, որ տուել եմ Իսրայէլի զօրքի համար։ Աստծու մարդն ասաց նրան. Տէրը քեզ դրանից աւելի՛ն կը տայ։
10 Ամասիասն իր զօրքից բաժանեց այն զօրքը, որ եկել էր իր մօտ Եփրեմից, որպէսզի իր տեղը վերադառնայ։ Սրանք շատ զայրացան Յուդայի երկրի վրայ եւ բարկութեամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը։
11 Ամասիասը հզօրանալով՝ վերցրեց իր զօրքն ու գնաց Աղի հովիտը եւ Սէիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։
12 Տասը հազար էլ Յուդայի երկրի մարդիկ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը, բարձունքի եզրից նրանց գահավէժ անելով՝ բոլորին սպանեցին։
13 Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիասը յետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, յարձակուեցին Յուդայի երկրի քաղաքների վրայ Սամարիայից մինչեւ Բեթորոն, երեք հազար հոգու կոտորեցին եւ բազում աւար տարան։
14 Երբ Ամասիասը եդոմայեցիներին ջարդելուց յետոյ վերադարձաւ, իր հետ բերեց Սէիրի որդիների աստուածներին եւ նրանց դարձրեց իր աստուածները, երկրպագեց նրանց, եւ հէնց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։
15 Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիասի դէմ. Նա նրա մօտ մարգարէներ առաքելով՝ ասաց նրան. Ինչո՞ւ յարեցիր դու այդ աստուածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին։
16 Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի կ՚ենթարկուես։ Մարգարէն լռեց եւ ապա ասաց. Գիտեմ, որ Տէրը որոշել է քեզ կործանել, որովհետեւ դու այս բանն արեցիր եւ չանսացիր իմ խրատներին։
17 Ամասիասը խորհուրդ արեց եւ Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. Ե՛կ, եւ երես առ երես հանդիպենք։
18 Իսրայէլի արքայ Յովասը Յուդայի երկրի արքայ Ամասիասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. Քո դստերը իմ որդուն կնութեա՛ն տուր։ Եւ ահա անցան Լիբանանի անապատի գազանները եւ կոխոտեցին փուշը։
19 Այնուհետեւ աւելացրեց. Դու ահա կոտորեցիր եդոմայեցիներին, եւ քո սիրտը լցուել է սնապարծութեամբ։ Այսուհետեւ տանդ նստի՛ր, ինչո՞ւ ես լցւում չարութեամբ։ Դու կը կոտորուես, եւ Յուդայի երկիրն էլ՝ քեզ հետ։
20 Ամասիասը չլսեց նրան, քանզի Տէրը որոշել էր նրան մատնել Յովասի ձեռքը այն բանի համար, որ յարել էր եդոմայեցիների աստուածներին։
21 Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է գտնւում։
22 Յուդայի երկիրը պարտուեց Իսրայէլից, եւ ամէն մարդ իր վրանը փախաւ։
23 Իսրայէլի արքայ Յովասը Բեթսամիւսում գերի բռնեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասին ու տարաւ Երուսաղէմ։ Նա քանդեց Երուսաղէմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը՝ շուրջ երեք հարիւր կանգուն։
24 Նա տարաւ Աբդեդոմի հսկողութեան տակ գտնուող Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, նաեւ թագաւորի տան գանձերն ու ապօրինածին մարդկանց եւ վերադարձաւ Սամարիա։
25 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասը Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնհինգ տարի։
26 Ամասիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, չէ՞ որ գրուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։
27 Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս։ Եւ այնտեղ սպանեցին նրան։
28 Նրա դիակը դրեցին ձիերի վրայ եւ բերեցին ու թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։