Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 12

1 Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները։
2 Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ
3 հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով։ Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ,
4 որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին։ Եւ Սաւսակիմը եկաւ Երուսաղէմ։
5 Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. Այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը։
6 Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. Արդար է Տէրը։
7 Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի։
8 Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ՚իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը։
9 Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը։ Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները։
10 Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների պետերին։
11 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ։
12 Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում բարի գործեր էլ կային կատարուած։
13 Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց։ Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ։ Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ։ Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր։
14 Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը։
15 Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում։ Յարատեւ պատերազմ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ։
16 Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։
17 Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը։