Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 7

1 Երբ Սողոմոնը վերջացրեց աղօթքը, երկնքից կրակ իջաւ եւ լափեց ողջակէզներն ու զոհերը։
2 Տիրոջ փառքը լցրեց տաճարը, եւ այդ ժամանակ քահանաները չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
3 Բոլոր իսրայէլացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրայ։ Նրանք երեսնիվայր ընկան սալայատակի վրայ, երկրպագեցին եւ օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմածութիւնը՝ յաւիտեան։
4 Արքան եւ ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։
5 Սողոմոնը քսաներկու հազար զուարակ եւ հարիւր քսան հազար արածող ոչխար զոհ մատուցեց։ Արքան եւ ամբողջ ժողովուրդը տաճարի նաւակատիքն արեցին։
6 Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը տէրունական եւ Դաւիթ արքայի յօրինած երգերով, քանզի Նրա ողորմածութիւնը յաւիտեան է։ Նրանք կատարում էին Դաւթի յօրինած օրհնաբանութիւնները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայէլը ոտքի վրայ էր։
7 Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան սրահի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցեց ողջակէզներն ու խաղաղութեան զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձէ զոհասեղանը չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծաներն ու ճարպերը։
8 Այդ ժամանակ Սողոմոնը եօթը օր տօն կատարեց։ Բոլոր իսրայէլացիները՝ շատ մեծ բազմութեամբ, Եմաթի մուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը նրա հետ էին։
9 Ութերորդ օրը հանդիսաւոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նաւակատիքը եօթը օր տօնեցին,
10 իսկ եօթներորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախութեամբ եւ բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետեւ Տէրը բարիք էր գործել Դաւթի, Սողոմոնի ու Իսրայէլի իր ժողովրդի համար։
11 Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան կառուցումը, եւ ամէն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան եւ իր տան համար կատարել, յաջողուեց։
12 Այդ նոյն գիշեր Աստուած երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. Լսեցի քո աղօթքը եւ այդ տեղն ինձ համար ընտրեցի որպէս զոհաբերութիւնների տուն։
13 Եթէ երկինքը փակեմ, ու անձրեւ չլինի, եթէ հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթէ մահ առաքեմ իմ ժողովրդին,
14 եւ եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը։
15 Այժմ իմ աչքերը բաց կը լինեն, եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարուող աղօթքը։
16 Ահա ընտրեցի եւ սրբագործեցի այս տունը, որպէսզի իմ անունը այստեղ լինի յաւիտեան, իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ։
17 Եթէ դու իմ առջեւից ընթանաս քո հայր Դաւթի նման եւ կատարես այն ամէնը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրէնքները,
18 քո թագաւորութեան աթոռը հաստատուն կը պահեմ, ինչպէս ուխտ էի դրել քո հայր Դաւթի հետ՝ ասելով. Քեզնից յետոյ Իսրայէլի վրայ իշխող մարդ չի պակասելու։
19 Իսկ եթէ դուք յետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատուիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք պաշտէք օտար աստուածներ ու երկրպագէք նրանց, ապա ես ձեզ կը վերացնեմ այն երկրից, որը տուել եմ ձեզ,
20 եւ այս տունը, որ սրբագործել եմ իմ անուան համար, կը վերացնեմ, ծաղրանքի առարկայ կը դարձնեմ ու խայտառակ կ՚անեմ բոլոր ազգերի մէջ այս բարձրաշէն տունը.
21 եւ ով որ անցնի այս տան կողքով, կը զարմանայ ու կ՚ասի. Ինչո՞ւ Տէրն այս բանն արեց այս երկրին ու այս տանը։
22 Եւ մարդիկ կը պատասխանեն. Որովհետեւ նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստուածներ ընդունեցին եւ նրանց երկրպագեցին ու ծառայեցին։ Դրա համար էլ Նա նրանց վրայ բերեց այդ բոլոր չարիքները։