Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 33

1 Մանասէն տասներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ յիսունհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։
2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանութեամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց բնաջնջել էր Տէրը իսրայէլացիների աչքի առաջ։
3 Նա վերականգնեց այն բարձրադիր մեհեանները, որ իր հայրը՝ Եզեկիասը քանդել էր, Բահաղիմի արձաններ կանգնեցրեց եւ կուռքեր շինել տուեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու ծառայեց նրանց։
4 Նա զոհասեղան պատրաստեց Տիրոջ տան մէջ, որի մասին Տէրն ասել էր. Իմ անունը Երուսաղէմում յաւիտեան պիտի լինի։
5 Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գաւիթներում, զոհասեղան շինեց երկնքի բոլոր զօրութիւնների համար։
6 Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում։ Նա ունէր վհուկներ ու կախարդներ։ Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ նրան բարկացնելու աստիճան։
7 Նա ձուլածոյ քանդակուած պատկեր դրեց Տիրոջ տան մէջ, որի մասին Աստուած ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին. Այս տան մէջ եւ Երուսաղէմում, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան
8 եւ Իսրայէլի ոտքը չեմ կտրելու այս երկրից, որը նրանց հայրերին տուեցի, միայն թէ պահեն այն ամէնը, որ պատուիրել եմ նրանց, ըստ Մովսէսի միջոցով տրուած բոլոր օրէնքների, պատուիրանների ու կանոնների։
9 Բայց Մանասէն մոլորեցրեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, որ չարիք գործեն առաւել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տէրը իսրայէլացիների առաջից։
10 Տէրը խօսեց Մանասէի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։
11 Տէրը նրա դէմ հանեց Ասորեստանի արքայի զօրքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասէին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։
12 Երբ նա նեղութեան մէջ ընկաւ, փնտռեց իր Տէր Աստծու ներկայութիւնը եւ խիստ նուաստացաւ իր նախնիների Աստծու առջեւ։
13 Նա աղօթեց Աստծուն. Աստուած լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղէմ, իր թագաւորութեանը։ Եւ Մանասէն իմացաւ, թէ Տէրը Աստուած է։
14 Դրանից յետոյ նա Դաւթի քաղաքի արտաքին պարիսպը շինեց արեւմուտքից դէպի հարաւակողմ, հեղեղատի միջով, դռան մուտքի մօտ, Օփէլի շուրջը. նա շատ բարձրացրեց այն։ Նա զօրքի հրամանատարներ նշանակեց Յուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում։
15 Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստուածներին ու քանդակուած կուռքերը, նաեւ այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրայ, Երուսաղէմում։ Նա հրամայեց դրանք թափել քաղաքից դուրս։
16 Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը եւ նրա վրայ փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեց։ Նա պատուիրեց Յուդայի երկրի բնակիչներին, որ պաշտեն Իսրայէլի Տէր Աստծուն։
17 Ժողովուրդը, սակայն, տակաւին յաճախում էր բարձրադիր մեհեաները եւ զոհեր մատուցում, միայն թէ՝ իր Տէր Աստծուն։
18 Մանասէի մնացած գործերն ու նրա աղօթքը Աստծուն, տեսանողների խօսքերը, որ ասել էին նրան յանուն Իսրայէլի Տէր Աստծու,
19 նրա աղօթքների խօսքերի մէջ են, այն աղօթքների, որոնցով նա լսեց Նրան. նրա բոլոր մեղքերն ու նրա անհաւատարմութիւնը Տիրոջ հանդէպ, այն բարձրադիր տեղերը, ուր մեհեաններ շինեց, կուռքեր ու քանդակուած պատկերներ պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնուած տեսանողների գրքերում։
20 Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր տան պարտէզում։
21 Մանասէի փոխարէն թագաւորեց իր որդի Ամոսը։ Ամոսը քսաներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։
22 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր հայրը՝ Մանասէն. իր հօր պատրաստած բոլոր կուռքերին Ամոսը զոհեր մատուցեց եւ պաշտեց դրանք։
23 Նա դարձի չեկաւ Տիրոջ առջեւ, ինչպէս դարձի էր եկել իր հայրը՝ Մանասէն, այլ նրա որդին՝ Ամոսը, իր հօր գործած մեղքերի վրայ մեղք աւելացրեց։
24 Նրա դէմ ելան իր պալատականները ու նրան սպանեցին իր տան մէջ։
25 Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք յարձակուել էին թագաւորի վրայ։Եւ երկրի ժողովուրդը նրա փոխարէն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Յոսիասին։