Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 29

1 Եզեկիասը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ։ Նա քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Աբաութ էր։ Սա Զաքարիայի դուստրն էր։
2 Եզեկիասը արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր նախահայր Դաւիթը։
3 Երբ Եզեկիասը հաստատուեց իր թագաւորութեան մէջ, առաջին ամսին նա բացեց Տիրոջ տան դռները եւ նորոգեց դրանք։
4 Նա ներս տարաւ քահանաներին ու ղեւտացիներին եւ կանգնեցրեց արեւելեան կողմը։
5 Նա ասաց նրանց. Լսեցէ՛ք, ղեւտացինե՛ր, այսուհետեւ պէտք է սրբուէք ու սրբէք ձեր հայրերի Տէր Աստծու տունը, պղծութիւնները պէտք է դուրս հանէք սրբարաններից։
6 Մեր հայրերը անհաւատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջեւ, լքեցին նրան եւ իրենց երեսները շուռ տուեցին Տիրոջ խորանից,
7 ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին եւ զոհեր չմատուցեցին Իսրայէլի սուրբ Աստծուն։
8 Տէրը խիստ զայրացաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ եւ նրանց մատնեց յիմարութեան, կորստեան ու խայտառակութեան, ինչպէս դուք տեսնում էք ձեր աչքերով։
9 Եւ ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները եւ կանայք գերութեան մէջ են ոչ իրենց երկրում, ուր գտնւում են այժմ։
10 Եկէ՛ք մենք սրտանց ուխտ դնենք Իսրայէլի Տէր Աստծու հետ, որ նա իր բարկութիւնը վերացնի մեզնից։
11 Արդ, այսուհետեւ անհոգութիւն մի՛ արէք, քանզի Տէրը ձեզ ընտրել է, որ կանգնէք նրա առջեւ, պաշտէք նրան, սպասաւորէք ու խունկ ծխէք։
12 Ոտքի ելան ղեւտացիները՝ Կահաթի տոհմից Ամասիի որդի Մայէթը, Զաքարիայի որդի Յովէլը, Մերարիի տոհմից Աբդիի որդի Կիսը, Յելէլի որդի Ազարիասը, Զեմաթի որդի Յովան, Յովաքայի որդի Յովադան,
13 Եղիսափանի տոհմից Սամարին եւ Էիէլը, Ասափի տոհմից Զաքարիասը եւ Մաաթանիասը,
14 Եմանի տոհմից Էիէլը եւ Սեմէին, Իդիթունի տոհմից Սամիասը եւ Օզիէլը։
15 Սրանք հաւաքեցին իրենց եղբայրներին եւ, ըստ թագաւորի պատուիրանի ու Տիրոջ հրամանի, իրենք սրբուեցին, որ սրբեն Տիրոջ տունը։
16 Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, եւ դուրս հանեցին այն ամէն տեսակ աղտեղութիւնները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գաւթում։ Ղեւտացիները դուրս հանեցին դրանք եւ առան տարան Կեդրոնի հեղեղատը։
17 Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին մաքրել այն եւ ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը եւ առաջին ամսի տասնվեցերորդ օրը աւարտեցին աշխատանքը։
18 Նրանք գնացին Եզեկիաս արքայի մօտ եւ ասացին. Մաքրեցինք Տիրոջ տան մէջ եղած ամէն ինչ՝ ողջակէզների զոհասեղանն ու նրա սպասքը, առաջաւորութեան սեղանն ու նրա սպասքը
19 եւ այն բոլոր անօթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագաւորութեան ու Տիրոջ հանդէպ իր անհաւատարմութեան ժամանակ, կարգի բերել եւ մաքրել ենք. եւ ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջեւ են։
20 Եզեկիաս արքան առաւօտ կանուխ վեր կացաւ ու հաւաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։
21 Նա եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառ եւ եօթը նոխազ զոհեց թագաւորութեան, սրբութիւնների ու Իսրայէլի մեղքերի քաւութեան համար։ Նա ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. Մօտեցէ՛ք Տիրոջ զոհասեղանին եւ մորթեցէ՛ք զուարակները։
22 Քահանաները վերցրին զոհերի արիւնը եւ ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին խոյերը եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին գառները եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ։
23 Նոխազները մեղքերի քաւութեան համար զոհ մատուցեցին արքայի ու ժողովրդի առջեւ եւ իրենց ձեռքերը դրեցին դրանց վրայ։
24 Քահանաները մորթեցին դրանք եւ արիւնը քաւութեան համար զոհասեղանի վրայ ցանեցին ու քաւութիւն արեցին ամբողջ Իսրայէլի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակէզները եւ մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը ամբողջ Իսրայէլի համար անեն։
25 Ղեւտացիներին տեղաւորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով ու քնարներով, ինչպէս պատուիրել էին Դաւիթ արքան, թագաւորի տեսանող Գադն ու Նաթան մարգարէն, քանզի Տիրոջ պատուիրանով հրամանը մարգարէների միջոցով էր տրւում։
26 Ղեւտացիները կանգնեցին Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով։
27 Եզեկիասը կարգադրեց, որ ողջակէզները դնեն զոհասեղանի վրայ։ Երբ սկսեցին ողջակէզները դնել զոհասեղանի վրայ, սկսեցին օրհներգել Տիրոջը Իսրայէլի Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով ու շեփորներով։
28 Բոլոր հաւաքուածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորներ հնչեցնում մինչեւ ողջակէզների մատուցման աւարտը։
29 Երբ ողջակէզների մատուցումը վերջացրին, թագաւորը խոնարհուեց, եւ բոլոր քահանաները երկրպագեցին։
30 Եզեկիաս արքան ու իշխանները ղեւտացիներին հրամայեցին, որ Տիրոջը օրհնեն Դաւթի ու Ասափ մարգարէի խօսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախութեամբ եւ երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
31 Եզեկիաս արքան այն ժամանակ ասաց. Այժմ դուք լի ձեռքերով էք ներկայանում Տիրոջը, այսուհետեւ էլ այդպէս մօտեցէ՛ք եւ ընծաներ բերէ՛ք։ Եւ հաւաքուածները օրհնութեան նուէրներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով յօժար էին, ողջակէզներ մատուցեցին։
32 Հաւաքուածների մատուցած ողջակէզների թիւը այս էր. եօթանասուն զուարակ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. սրանք բոլորը իբրեւ ողջակէզ մատուցուեցին Տիրոջը։
33 Նուիրաբերուած զուարակները վեց հարիւր էին, ոչխարները՝ երեք հազար։
34 Քահանաները սակաւաթիւ էին, ուստի չէին կարողանում հասցնել մորթել ողջակէզները։ Նրանց օգնում էին իրենց ղեւտացի եղբայրները, մինչեւ որ գործն աւարտուեց, եւ քահանաները մաքրուեցին. ղեւտացիներն աւելի տրամադիր էին մաքրուելու, քան քահանաները։
35 Խաղաղութեան ու փրկութեան ողջակէզների հետ մէկտեղ, որոնք առատ էին ճարպերով, կային նաեւ ոչ կենդանական նուիրաբերումներ։ Այսպիսով Տիրոջ տանը կարգի դրուեց սպասաւորութեան գործը։
36 Եզեկիասն ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստուած սպասաւորութեան գործը կարգի էր բերել ժողովրդի համար. եւ այդ գործը երկար ժամանակ չխլեց։