Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 19

1 Յոսափատ արքան խաղաղութեամբ վերադարձաւ իր տունը, Երուսաղէմ։
2 Նրան ընդառաջ եկաւ Անանիա մարգարէի որդի Յէուն եւ ասաց Յոսափատ արքային. Պէ՞տք էր, որ մեղաւորին օգնէիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինէիր։ Այդ պատճառով քեզ վրայ իջաւ Տիրոջ բարկութիւնը,
3 բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Յուդայի երկրից վերացրել էիր բարձրադիր մեհեանները եւ սրտով Տիրոջն էիր յարել, ուստի Տէրը քեզ փրկեց։
4 Յոսափատը ապրեց Երուսաղէմում, կրկին դուրս եկաւ ժողովրդի մէջ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի լեռը եւ մարդկանց վերստին դարձրեց դէպի իրենց հայրերի Տէր Աստուածը։
5 Նա դատաւորներ կարգեց Յուդայի երկրի բոլոր քաղաքներում, ամէն մի ամրացուած քաղաքում։
6 Նա ասաց դատաւորներին. Տեսէ՛ք, թէ դուք ինչ էք անում, ձեր դատը մարդկանց չի վերաբերում, այլ՝ Տիրոջը։ Արդարութիւնը ձեր կողմն է։
7 Արդ, Տիրոջ երկիւղը թող ձեզ վրայ լինի, պահեցէ՛ք Օրէնքը եւ գործադրեցէ՛ք, քանզի մեր Տէր Աստուածը անիրաւութիւն եւ կողմնակալութիւն չի անում եւ չի կաշառւում։
8 Յոսափատը քահանաներից, ղեւտացիներից եւ Իսրայէլի տոհմապետերից դատաւորներ կարգեց նաեւ Երուսաղէմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատեն Երուսաղէմի բնակիչներին։
9 Նա նրանց պատուիրեց՝ ասելով. Տիրոջ երկիւղով, ճշմարտութեամբ ու կատարեալ սրտով այսպէս կը վարուէք.
10 եթէ իրենց քաղաքներում բնակուող ձեր եղբայրներից որեւէ մէկը արեան դիմաց արեան, օրէնքին ու պատուիրանին, իրաւունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրեցէ՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դէմ, որ նրանք չբարկանան ո՛չ ձեր վրայ, ո՛չ էլ՝ ձեր եղբայրների։ Այսպէս արէ՛ք եւ չէք մեղանչի։
11 Եւ ահա Ամարիաս քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայէլի որդի Զաբդիասը Յուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ քարտուղարներն ու ղեւտացիները ձեր կողքին են. զօրացէ՛ք ու գործեցէ՛ք, եւ Տէրը բարուն աջակից պիտի լինի։