Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 35

1 Յոսիասն իր Տէր Աստծու զատիկը կատարեց. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։
2 Նա քահանաներին կանգնեցրեց իրենց պաշտօնի վրայ եւ յորդորեց նրանց կատարելու Տիրոջ տան ծառայութիւնները։
3 Նա ասաց ղեւտացիներին՝ ամբողջ Իսրայէլի վերակացուներին, որ պէտք է նուիրուել Տիրոջը եւ սուրբ տապանակը դնել այն տանը, որը շինել էր Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. Դուք ոչ մի բան չպէտք է վերցնէք ուսերի վրայ։ Արդ, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ նրա ժողովրդին՝ իսրայէլացիներին։
4 Պատրա՛ստ եղէք ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր առօրեայ պաշտամունքի, ըստ Իսրայէլի արքայ Դաւթի եւ նրա որդի Սողոմոն թագաւորի գրածի։
5 Տաճարում կանգնեցէ՛ք այն տեղերում, որ նշանակուած են ըստ ձեր ազգատոհմերի, ձեր եղբայրների եւ ձեր ժողովրդի որդիների առջեւ՝ ղեւտացիների ազգատոհմի մարդկանց յատկացուած բաժանումների համեմատ։
6 Մորթեցէ՛ք զատկի գառը եւ պատրաստեցէ՛ք ձեր եղբայրների սրբութիւնները՝ գործելով ըստ Տիրոջ խօսքի, որ գրուել է Մովսէսի ձեռքով։
7 Եւ Յոսիասն սկսեց ժողովրդի որդիներին եւ ամենքին, որ այնտեղ էին գտնւում, տալ խոյեր, գառներ, մատաղ այծերի նոխազներ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թուով երեսուն հազար էր. նաեւ երեք հազար զուարակ։ Սրանք թագաւորի ունեցուածքից էին։
8 Նրա իշխանները նոյնպէս սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղեւտացիներին։ Քեղկիասը, Զաքարիասը եւ Յէիէլը եւ Աստծու տան իշխանները զատկի առթիւ քահանաներին տուեցին երկու հազար վեց հարիւր խոյ, գառ, նոխազ եւ երեք հարիւր զուարակ։
9 Քոնենիասը, Բանեասը, Սամէասը եւ նրա եղբայր Նաթանայէլը, Ասաբիասը, Յէիէլը եւ Յոզաբադը՝ ղեւտացիների իշխանները, զատկի առթիւ ղեւտացիներին տուեցին հինգ հազար խոյ եւ հինգ հարիւր զուարակ։
10 Պաշտամունքը կատարուեց. քահանաները կանգնած էին իրենց տեղերում, իսկ ղեւտացիները՝ իրենց դասերում, ըստ արքայի հրամանի։
11 Նրանք մորթեցին զատկի գառը, եւ քահանաները իրենց ձեռքերով ցանեցին արիւնը։
12 Ղեւտացիները կտրտեցին ու պատրաստեցին ողջակէզները, որ դրանք բաժանեն ժողովրդի որդիներից իւրաքանչիւրին ըստ ազգատոհմերի, դասերի, որպէսզի մատուցեն Տիրոջը, ինչպէս որ գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում։ Այսպէս արեցին մինչեւ առաւօտ։
13 Զատկի գառը խորովեցին կրակով ըստ օրէնքի, իսկ սուրբ մասերը եփեցին կաթսաների ու սաների մէջ։ Տօնը յաջող ընթացաւ, եւ զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։
14 Յետոյ զատիկը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչեւ գիշեր մատուցում էին ճարպերն ու ողջակէզները։ Ղեւտացիները բաժին վերցրին նաեւ իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։
15 Ասափի սաղմոսերգու որդիները, նաեւ Ասափը, Եմանը եւ Իդիթունը՝ արքայի մարգարէները, ըստ Դաւթի պատուիրանի, կանգնեցին իրենց տեղերում։ Իշխանները, դռների պետերն ու իւրաքանչիւր դռան պահապան տեղից չպէտք է շարժուէին սրբութեան ծառայութեան ժամանակ, քանզի նրանց եղբայրները՝ ղեւտացիները, բաժիններ էին պատրաստել նաեւ նրանց համար։
16 Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատշաճօրէն պատրաստուեց ու կատարուեց, որպէսզի, ըստ Յոսիաս արքայի հրամանի, տօնեն զատիկը եւ ողջակէզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրայ։
17 Այդ ժամանակ այնտեղ գտնուող իսրայէլացիները եօթը օր կատարեցին զատիկը եւ անթթխմոր հացի տօնը։
18 Սամուէլ մարգարէի օրերից ի վեր սրա նման զատիկ երբեք չէր եղել Իսրայէլում, եւ Իսրայէլի բոլոր թագաւորները այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիասը։ Այնտեղ գտնուող քահանաներն ու ղեւտացիները, ամբողջ Յուդայի երկիրն ու Իսրայէլը եւ Երուսաղէմի բնակիչները
19 Տիրոջ տօնը կատարեցին Յոսիասի թագաւորութեան տասնութերորդ տարում։ Յոսիաս արքան Յուդայի երկրում եւ Երուսաղէմում գտնուող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին եւ չաստուածներին վերացրեց ու հրով այրեց, որպէսզի հաստատի Օրէնքի այն խօսքերը, որ գրուած էին Քեղկիաս քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Յոսիասի նմանը չէր եղել նրանից առաջ, որ, ըստ Մովսէսի բոլոր օրէնքների, իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով եւ իր ամբողջ զօրութեամբ դառնար դէպի Տէր Աստուածը։ Եւ նրանից յետոյ էլ նրա նմանը չյայտնուեց։ Տէրը, սակայն, չհանդարտուեց իր խիստ բորբոքուած բարկութիւնից, Յուդայի երկրի նկատմամբ այն բարկութիւնից, որով բորբոքել էր Նրան Մանասէն։ Եւ Տէրն ասաց. Ես Յուդայի երկիրն էլ եմ վերացնելու իմ աչքի առաջից, ինչպէս վերացրել եմ Իսրայէլը, եւ մերժելու եմ Երուսաղէմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, եւ այն տունը, որի համար ասել էի, թէ՝ իմ անունը պէտք է լինի այնտեղ։
20 Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ Եփրատ գետի ուղղութեամբ։ Յոսիաս արքան գնաց նրա դէմ,
21 իսկ սա պատգամաւորներ ուղարկեց նրա մօտ՝ ասելով. Ի՞նչ թշնամութիւն ունենք ես ու դու, Յուդայի երկրի՛ արքայ, այսօր քո դէմ պատերազմելու չեմ եկել։ Աստուած ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցէ նա քեզ կործանի։
22 Յոսիասը, սակայն, իր երեսը նրանից չշրջեց, այլ ինքն իր մէջ ուժ գտաւ, որ պատերազմի նրա դէմ։ Նա չանսաց Նեքաւովի Տիրոջ անունով ասուած խօսքերին եւ եկաւ պատերազմելու Մակեդդովի դաշտում։
23 Աղեղնաւորները հարուածեցին Յոսիասին, եւ արքան ասաց իր ծառաներին. Ինձ այստեղից դո՛ւրս հանեցէք, որովհետեւ ծանր վիրաւորուած եմ։
24 Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մէջ ու տարան Երուսաղէմ։ Նա մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, եւ ամբողջ Յուդայի երկիրն ու Երուսաղէմը սուգ արեցին Յոսիասի վրայ։
25 Երեմիասը ողբեր ասաց Յոսիասի մասին, եւ բոլոր պալատականները, տղամարդ թէ կին, Յոսիասի մասին յօրինեցին ողբեր, որոնք յիշւում են մինչեւ այսօր։ Դրանք Իսրայէլի մէջ կանոնական դարձան եւ ահա գրի են առնուած ողբերի գրքում։
26 Յոսիասի գործերը եւ նրա յուսացած բաները գրի են առնուած Տիրոջ օրէնքներում գրուածի համեմատ,
27 իսկ նրա մնացած գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի են առնուած Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։