ՅՈԲ. Chapter 10

1 Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։
2 Ու կ՚ասեմ. Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ. եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։
3 Բարւո՞ք է քեզ թւում անիրաւուած լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, նայել պիղծերի խորհրդին։
4 Մի՞թէ դու նայում ես, ինչպէս մարդն է նայում, կամ տեսնում, ինչպէս մահկանացուն է տեսնում։
5 Տարիներդ մարդու տարինե՞ր են միթէ,
6 որ փնտռում ես կրկին յանցանքներս ու քննում մեղքերս։
7 Գիտես, որ երբեք չեմ մեղանչել, բայց ո՞վ ինձ կ՚ազատի քո ձեռքից։
8 Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ։
9 Յիշի՛ր, որ կաւից ես ստեղծել. վերստին դու հող ես ինձ դարձնում։
10 Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել։
11 Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել։
12 Կեանք ու կարեկցանք ես դրել ինձ վրայ. հոգատարութեամբ ես պահել իմ ոգին։
13 Եւ քանի այս բոլորն ունես դու՝ գիտեմ, որ ամէն բան կարող ես. քեզ համար չի լինի ոչ մի բան ուժից վեր։
14 Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից։
15 Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն։
16 Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն։ Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես,
17 նորոգում հարուածներս իմ գլխին։ Բարկութեամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրայ, փորձիչներ ես բերել դու իմ դէմ։
18 Ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից, ու տեղում չմեռայ։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ, ու կարծես թէ եղած էլ չէի լինի ես։
19 Եւ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջայ ես,
20 կամ մի՞թէ շատ կարճ չէ ժամանակն իմ կեանքի։ Թո՛յլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգչեմ ես,
21 մինչեւ այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խաւարին ու մթին,
22 երկիրը, ուր յաւերժ աղջամուղջ է տիրում, եւ որտեղ լոյս չկայ, ու ոչ ոք չի կարող տեսնել կեանք մարդկային։