ՅՈԲ. Chapter 38

1 Երբ Եղիուսը դադարեց խօսելուց, Տէրն ասաց Յոբին՝ փոթորկի ու ամպի միջից.
2 Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք։
3 Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։
4 Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն։
5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ։
6 Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա։
7 Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։
8 Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ։
9 Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր։
10 Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի.
11 Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի. այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո։
12 Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան։
13 Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։
14 Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ։
15 Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների։
16 Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների։
17 Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։
18 Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։
19 Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի։
20 Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց։
21 Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են։
22 Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։
23 Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար։
24 Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ։
25 Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները
26 եւ ճանապարհներն ամպրոպների,որ տեղան երկրի վրայ,
27 ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար։
28 Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին։
29 Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը,
30 եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։
31 Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան։
32 Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։
33 Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները։
34 Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ։
35 Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա։
36 Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ։
37 Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ,
38 հողը փոշու պէս թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար։
39 Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս,երբ դրանք կուչ են եկած։
40 Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։
41 Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն։