ՅՈԲ. Chapter 42

1 Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց.
2 Գիտեմ, պատում է ուժդ ամէն ինչի, ու չի թուլանում քո մէջ ոչ մի բան։
3 Այն ո՞վ կը ծածկի քեզնից իր միտքը, խօսք կը խնայի ու կը կարծի, թէ կարող է պահել։ Այն ո՞վ կ՚ասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու ապշելի բաներ, որոնց ես իրազեկ չէի։
4 Արդ, լսի՛ր ինձ, Տէ՛ր. ես եմ խօսելու, հարցնելու բաներ. սովորեցրո՛ւ ինձ։
5 Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հէնց քեզ։
6 Այդ պատճառով նուաստ համարեցի ինձ ու հալուեցի ես։ Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում։
7 Երբ Տէրը Յոբի հետ այս բաները խօսեց, Աստուած ասաց Եղիփազ Թեմնացուն. Մեղք գործեցիր դու, նաեւ քո երկու բարեկամները,քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպէս իմ ծառայ Յոբը։
8 Բայց հիմա եօթը զուարակ առէ՛ք ու եօթը խոյ, գնացէ՛ք իմ ծառայ Յոբի մօտ, ու թող նա ողջակէզ անի ձեզ համար, իմ ծառայ Յոբը թող նաեւ աղօթի ձեզ համար, քանի որ, եթէ ես նկատի ունեցած չլինէի նրան, ու նրա համար չլինէր այս, ես արդարեւ կորստի մատնած կը լինէի ձեզ,որովհետեւ իմ ծառայ Յոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք։
9 Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Մինեցին գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։ Եւ թողութիւն շնորհեց նրանց մեղքերին՝ յանուն Յոբի։
10 Ու Տէրը ճոխացրեց Յոբին, եւ երբ սա աղօթեց իր բարեկամների համար, Տէրը թողութիւն շնորհեց նրանց մեղքերին։ Տէրը կրկնակի աւելի շատ տուեց, քան այն հարստութիւնը, որ առաջ Յոբն ունէր։
11 Նրա բոլոր եղբայրներն ու քոյրերը լսեցին այն բոլոր դէպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մօտը, եկան նաեւ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան-խմեցին նրա մօտ, սփոփեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրայ, որ նրա գլխին բերել էր Տէրը։ Իւրաքանչիւրը նրան մի գառ տուեց ու չորսդրեհմանոց անդրոշմ ոսկի։
12 Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր։
13 Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ։
14 Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր։
15 Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին։ Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ։
16 Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։ Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը։ Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած։ Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ։
17 Սա թարգմանուած է ասորերէն գրքից։ Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա անունը Յոբաբ էր։ Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով։ Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին։ Նրա մայրը բոսորացի էր։ Այնպէս որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր։ Սրանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդոմում. առաջինը՝ Բէորայ Բաղակը (սրա քաղաքի անունն էր Դենաբայ), Բաղակից յետոյ՝ Յոբաբը (որ Յոբ կոչուեց), սրանից յետոյ՝ Ասոմը (որ թեմնացիների երկրի զօրավարն էր), սրանից յետոյ՝ Բարադի որդի Ադադը (որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գէթեմ)։ Իսկ այն բարեկամները, որ նրա մօտ եկան, սրանք էին. Եղիփազը՝ թեմնացիների արքան (Եսաւի որդիներից), Սոքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքայ Սոփարը։