ՅՈԲ. Chapter 5

1 Արդ, կանչի՛ր, եթէ մէկը քեզ ձայն է տալու, կամ եթէ տեսնելու ես սուրբ հրեշտակներից որեւէ մէկին։
2 Յիրաւի, բարկութիւնն անզգամին սպանում է,մոլորեալին մեռցնում։
3 Ես տեսել եմ ահա անզգամներին արմատ գցելիս, բայց իսկոյն խորտակուել են տները նրանց։
4 Հեռու լինեն թող նրանց զաւակները փրկութիւնից, եւ խղճուկ քարշ գան թող վատթարների դռներին. բայց ոչ ոք չի գտնուելու, որ փրկի նրանց։
5 Ինչ որ նրանք ժողովել են՝ արդարներն են ուտելու, իսկ իրենք չեն ազատուելու պատուհասներից. քամուելու է զօրութիւնը նրանց։
6 Արդարեւ, հողից չէ որ ելնում է տառապանքը, ոչ էլ լեռներից են բուսնում ցաւերը։
7 Այլ մարդը տանջանքով է ծնւում. արծիւների ձագերը բարձունքներում են ճախրում։
8 Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,
9 որ կատարում է մեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիւ ու համար չունեն,
10 որ տալիս է անձրեւ՝ երկրի վրայ, ուղարկում ջրեր՝ երկնքի ներքոյ,
11 որ բարձրացնում է խոնարհներին եւ ոտքի է կանգնեցնում կորուսեալներին,
12 որ փոխում է մտադրութիւնները խորամանկների, որոնց ձեռքերը ճշմարիտ գործեր չեն կատարում,
13 որ վրայ է հասնում իմաստուններին՝ հանճարով, ջախջախում մտադրութիւնները բազմադաւների։
14 Ցերեկը խաւարն է նրանց վրայ հասնելու, իսկ կէսօրին խարխափելու են ինչպէս գիշեր ժամանակ։
15 Պատերազմով են ոչնչանալու, եւ աղքատն ազատուելու է հզօրի ձեռքից։
16 Յոյս է ունենալու տկարը, եւ փակուելու է անիրաւի բերանը։
17 Երանելի է այն մարդը, որին Տէրն ուղղում է երկրի վրայ. ուստի, Յո՛բ, չհրաժարուես Ամենակալի խրատից։
18 Տէրն է, որ ցաւ է պատճառում, բայց յետոյ նորից ամոքում, խփում է, բայց նրա ձեռքն է բժշկում։
19 Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, իսկ եօթներորդին չարը քեզ չի մօտենալու։
20 Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ։
21 Պահելու է քեզ լեզուի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրայ եկած չարիքներից։
22 Արհամարհելու ես անիրաւներին ու անօրէններին եւ երկիւղ չես կրելու վայրի գազաններից,
23 որովհետեւ դաշտի քարերի հետ ես դաշինք կնքելու, վայրի գազանների հետ խաղաղութեան մէջ ես լինելու։
24 Ապա իմանալու ես, որ խաղաղութիւն կայ քո տան մէջ, եւ քո յարկի տակ բան չի պակասելու։
25 Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, եւ քո որդիները դաշտի խոտի պէս են լինելու։
26 Գերեզման ես իջնելու ժամանակին հնձուած հասուն ցորենի պէս, կամ ինչպէս ժամանակին մէկտեղուած կալի շեղջը։
27 Ահա սա այսպէս քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացիր, թէ ի՛նչ ես արել։