ՅՈԲ. Chapter 20

1 Սոփար Մինեցին նորից խօսեց ու ասաց.
2 Չէի կարծում, թէ դու մեր դիմաց այդպէս կը խօսես։ Մի՞թէ դու ինձնից աւելի իմաստուն ես։
3 Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին, եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ։
4 Մի՞թէ դու դա հիմա ես իմացել եւ ոչ թէ այն ժամանակուանից, երբ երկրի վրայ մարդն է ստեղծուել։
5 Ամբարիշտների ուրախութիւնը չարաչար կործանման նշան է, անօրէնների խնդութիւնը՝ կորուստ։
6 Եթէ անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակէզներն էլ ամպերին հասնեն, -
7 երբ թուայ, թէ հաստատուած է՝ այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր որ նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։
8 Երազի պէս է թռչելու եւ չի գտնուելու. գիշերային տեսիլքի պէս է թռչելու նա։
9 Այն աչքը, որ նայել է նրան, այլեւս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ընդունելու։
10 Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքուելու։
11 Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին յագեցած, իր հետ էլ հողում են ննջելու։
12 Եթէ անգամ քաղցրանայ չարութիւնը նրա բերանում, թաքցնի այն իր լեզուի տակ, -
13 չի՛ խնայելու նրան, թողութիւն չի՛ շնորհելու։
14 Կուտակելու է այն իր կոկորդում, ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնութեան հասնել. իժի թոյն կայ նրա փորում։
15 Անիրաւութեամբ հաւաքուած նրա հարստութիւնը դուրս է փսխուելու. հրեշտակը նրան քաշել հանելու է տնից։
16 Վիշապների զայրոյթն է նա ծծելու, եւ նրան օձի լեզուն է սպանելու։
17 Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ։
18 Զուր ու պարապ տեղն է նա հարստութիւն վաստակել, ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպէս չծամուող ու չկտրտուող կարծր բան,
19 որովհետեւ շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։
20 Նրա ունեցուածքին փրկութիւն չկայ. իր ցանկացած ձեւով չի ազատուելու։
21 Ուտելու մթերք չի ունենալու։ Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու։
22 Երբ իրեն թուայ, թէ ահա առատութեան մէջ է՝ նեղութիւն է կրելու։ Ամէն անգամ տագնապի մէջ է լինելու,
23 թէ ինչպէ՛ս է լցուելու իր որովայնը։ Աստուած նրա վրայ է ուղարկելու իր սրտմտութիւնն ու զայրոյթը, վրան ցաւեր է թափելու,
24 եւ նա սրի ձեռքից չի ազատուելու։
25 Պղնձէ աղեղն է խոցոտելու նրան. նետն է թափ անցնելու նրա մարմնով։ Նրա յարկի տակ աստղեր են շուռ գալու, եւ արհաւիրքներ են թափուելու գլխին։
26 Համակ խաւարն է սպասում նրան, եւ անշէջ հուրն է ճարակելու նրան։ Եկուորն է չարչարելու նրա ընտանիքը։
27 Երկինքը մէջտեղ է հանելու նրա անօրէնութիւնները, եւ աշխարհն է վեր կենալու նրա դէմ։
28 Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. հասնելու է նրա վրայ ցասման օրը։
29 Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, եւ այս է լինելու նրա ունեցուածքը՝ Վերակացուից սահմանուած։