ՅՈԲ. Chapter 15

1 Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց.
2 Հոգով հանճարեղն իմաստութեամբ պատասխան կը տա՞յ արդեօք, կ՚անցկացնի՞ իր որովայնի ցաւը,
3 եթէ յանդիմանի արտայայտութիւններով, որոնք արժանի չեն, եւ խօսքերով, որոնցից օգուտ չկայ։
4 Դրանց երկիւղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ չարաշահեցիր այսպիսի խօսքեր։
5 Յանցաւոր եղար բերանիդ խօսքերով, իսկ հզօրների խօսքերը չքննեցիր։
6 Քո իսկ բերանն է կշտամբելու քեզ, ոչ թէ ես. շրթունքներդ քո դէմ վկայութիւն են տալու։
7 Ի՛նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնուել, թէ՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատուել։
8 Դո՞ւ ես լսել Տիրոջ հրամանը, թէ՞ քեզ է օժտել նա իմաստութեամբ։
9 Այն ի՞նչ է, որ դու գիտես, իսկ մենք՝ ոչ, կամ ի՞նչն է, որ դու կ՚իմանաս, իսկ մենք՝ ոչ։
10 Մեր մէջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ աւելի մեծեր, քան քո հայրը։
11 Մեղքերիդ համեմատ շատ քիչ տանջանքներ ես կրել ու աւելի շատ ես մեծաբանել։
12 Ինչո՞ւ յանդուգն դարձաւ քո սիրտը, ինչո՞ւ լկտի նայեցին քո աչքերը.
13 սրտմտութիւնդ դուրս թափեցիր Տիրոջ առաջ եւ այդպիսի բառեր հանեցիր քո բերանից։
14 Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կնոջածինն է արդար լինելու։
15 Եթէ Աստուած սրբերին չի հաւատում, ու երկինքը նրա առաջ անարատ չէ,
16 առաւել եւս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրէնութիւններն ըմպելիքի նման է խմում։
17 Պատմելու եմ քեզ, Յո՛բ, լսի՛ր ինձ։ Ինչ որ տեսել եմ,
18 ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը, - պատմելու եմ քեզ։
19 Նրանց է միայն տրուել երկիրը, եւ ոչ մի օտարածին չի խառնուել նրանց։
20 Ամբարշտի ամբողջ կեանքը հոգսերով է անցնում, ու տարիները բռնակալ մարդուն հաշուով են տրուած։
21 Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թէ խաղաղութեան մէջ է՝ նրա վրայ կործանում է գալու։
22 Թող չհաւատայ, թէ կը վերադառնայ խաւարից, որովհետեւ արդէն սրի է դատապարտուած։
23 Սահմանուած է իբրեւ անգղերին կեր. իր ներսում ինքն էլ գիտէ, որ հաստատ կործանուելու է։
24 Մթին օրը զարհուրեցնելու է նրան. անձկութիւնն ու նեղութիւնն են նրա վրայ հասնելու. կործանուելու է իբրեւ առաջին գծի զօրավար,
25 որովհետեւ ձեռք է բարձրացրել Տիրոջ դէմ ու ընդվզել է Ամենակալ Տիրոջ դէմ։
26 Գոռոզութեամբ, իր վիթխարի վահանով է յարձակուել նրա վրայ։
27 Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։
28 Աւերակ քաղաքներում է բնակուելու եւ անմարդաբնակ տներ մտնելու. ինչ որ իրենք պատրաստել էին, ուրիշներն են տանելու։
29 Չի հարստանալու, ունեցուածքը չի մնալու, երկրի վրայ ստուեր չի գցելու, խաւարից էլ չի փրկուելու։
30 Նրա բողբոջը հողմն է թառամացնելու. թափուելու է ծաղիկը նրա։
31 Թող չհաւատայ, որ հանգիստ է գտնելու. վախճանը փուչ է լինելու։
32 Վաղաժամ են կտրուելու ճիւղերը նրա,շիւերն էլ չեն ծաղկելու։
33 Խակ պտուղի պէս վաղաժամ է քաղուելու. ձիթենու ծաղկի պէս ցած է թափուելու,
34 քանզի մահն է ամբարշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։
35 Իր մէջ ցաւեր է սաղմնաւորելու. վախճանը փուչ է լինելու. նրա արգանդը նենգութիւն է ծնելու։