ՅՈԲ. Chapter 22

1 Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց.
2 Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է իմաստութիւն եւ գիտութիւն։
3 Արդ, Տիրոջն ի՞նչ փոյթ, թէ դու անարատ ես քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես վարքդ։
4 Կամ բանի տեղ դնելով՝ կը յանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կը նստի։
5 Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիւ են, մեղքերդ՝ անթիւ։
6 Առանց պատճառի քո եղբայրներին գրաւ ես վերցրել, մերկերի զգեստները յափշտակել։
7 Ծարաւածներին ջուր չես խմեցրել, նաեւ քաղցածների հացը կտրել։
8 Ոմանց աչքի տակ ես առել ու նրանց բնակեցրել երկրի վրայ։
9 Այրիներին ձեռնունայն ես արձակել եւ որբերին չարչարել։
10 Հիմա քո շուրջը որոգայթներ են դրուած, եւ սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մէջ գցել։
11 Լոյսդ քեզ խաւար թուաց. քնի մէջ քեզ ջրերը ծածկեցին։
12 Միթէ Նա, ով բարձունքում է ու նայում է՝ չի՞ տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտաւանութեամբ զգեստաւորուածներին խոնարհեցրեց։
13 Եւ ասացիր. Ի՞նչ գիտէ Հզօրը, կամ թէ՝ Ամպի մէ՞ջ է դատ անելու։
14 Ամպն է նրա ծածկոյթը, ու երբ շրջում է նա երկնի ծիրի մէջ, ոչինչ տեսանելի չէ։
15 Չե՞ս պահելու այն յաւիտենական շաւիղները, որոնց վրայ կոխեցին տարաժամ յափշտակուած արդար այրերը։
16 Նրանց հիմքերը յորդաբուխ գետ են։
17 Նրանք ասում էին. Տէրը մեզ ի՞նչ կ՚անի, կամ՝ Ամենակալն ի՞նչ կը թափի մեր գլխին։
18 Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրութիւնը հեռու է նրանից։
19 Արդարները տեսան ամբարիշտների կործանումը ու ծիծաղեցին. անարատն էլ տեսաւ ու արհամարհեց՝ ասելով.
20 Արդարեւ, նա չքանդե՞ց դրանց նեցուկը։ Դրանց ունեցուածքների մնացորդները հուրն է ճարակելու։
21 Բայց եկ խստակեա՛ց եղիր, թէ կարող ես համբերել. եւ քո պտուղը կը փարթամանայ։
22 Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խօսքերը սրտիդ մէ՛ջ վերցրու։
23 Եւ եթէ դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրաւութիւնը հեռացրած կը լինես քո յարկից։
24 Կը բազմես ամուր վէմի վրայ, ինչպէս Սոփերի ձորի ժայռի վրայ։
25 Եւ Ամենակալը քեզ օգնական կը լինի թշնամիներիդ դէմ ու յայտնապէս կը վարձատրի քեզ, ինչպէս զտած արծաթ։
26 Ապա համարձակ կը կանգնես Տիրոջ առաջ ու զուարթ կը նայես դէպի երկինք։
27 Երբ նրան աղերսես՝ կը լսի քեզ ու կատարել կը տայ քեզ՝ քո ուխտը։
28 Քեզ կը վերադարձնի արդար բնակարանդ։ Քո ճանապարհներին լոյս կը լինի,
29 որովհետեւ ինքդ քեզ խոնարհ պահած կը լինես ու կ՚ասես, թէ ամբարտաւանութիւն ես արել։
30 Կ՚ապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են. կը փրկի անարատին։ Քո մաքուր ձեռքերով կ՚ազատես քեզ։