ՅՈԲ. Chapter 33

1 Բայց դու, Յո՛բ, լսի՛ր խօսքերս, ակա՛նջ դիր իմ խօսքերին։
2 Ահա բաց եմ արել բերանս, ու խօսում է իմ լեզուն։
3 Սրտիս խօսքերն անարատ են, եւ իմ շուրթերի իմաստութիւնը յստակօրէն կ՚իմացուի։
4 Աստուածային հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։
5 Եթէ կարող ես՝ այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թէ ոչ համբերո՛ղ եղիր,
6 դու ի՛մ դիմաց կանգնիր, ես էլ՝ քո։ Դու էլ, ինձ պէս, կաւից ես ստեղծուած. նոյն նիւթից ենք ստեղծուած մենք։
7 Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանայ թող քեզ վրայ։
8 Սակայն դու խօսեցիր իմ ականջին, ու քո խօսքի ձայնը լսեցի ես։
9 Ասացիր. Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետեւ անօրէնութիւն չեմ արել։
10 Մեղադրանքներ է բարդել ինձ վրայ Աստուած ու ինձ հակառակորդ համարել։
11 Կոճղի մէջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս։
12 Ինչպէ՞ս ես ասում, թէ արդար ես, ու Տէրը չի լսել քեզ։ Մինչդեռ յաւիտենական է Նա, որ մարդկանց վերեւում է։
13 Նաեւ ասում ես, թէ ինչո՛ւ իր ատեանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խօսքերին։
14 Մի անգամ է խօսում Տէրը, կամ երկրորդ անգամ՝ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելութեամբ
15 (երբ սաստիկ արհաւիրքներ են վրայ հասնում մարդկանց՝ անկողնում նիրհելիս,
16 այն ժամանակ են մտքերը յայտնւում նրանց)։
17 Այդպիսի ահաւոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստուած նրանց՝ մարդուն անիրաւութիւնից յետ կանգնեցնելու եւ նրա մարմինը կործանումից փրկելու համար։
18 Նրա հոգին զերծ պահեց մահուանից, որպէսզի նա պատերազմում չընկնի։
19 Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիւանդութեամբ, ընդարմացում բերեց նրա բազմակոյտ ոսկորներին։
20 Թէեւ հոգին կերակուր պիտի տենչայ, բայց ինքը պիտի չկարողանայ ուտելու սնունդ ակնկալել,
21 մինչեւ որ մաշուեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան։
22 Նրա մարմինը մօտեցել է մահուան, կեանքը՝ գերեզմանին։
23 Եթէ մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մէկը նրան չի խոցի,
24 թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը։ Այն ժամանակ Տէրը կը պաշտպանի նրան, որ մահուան գիրկը չընկնի։
25 Կը նորոգի մարմինը նրա, ինչպէս ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կը լցուեն։ Կը փափկացնի մարմինը նրա, ինչպէս մարմինը մանկան, ու մարդկանց մէջ կը հաստատի նրան՝ երիտասարդացած։
26 Երբ Տիրոջն աղերսի, կ՚ընդունուի նրա կողմից, լուրջ դէմքով կը մտնի խոստովանութեան,քանի որ Աստուած արդարութեան համար կը հատուցի մարդկանց։
27 Ապա կը մեղադրի մարդն ինքն իրեն ու կ՚ասի. Այդ ինչե՜ր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանւոյն Նա չպատժեց ինձ։
28 Փրկեց հոգիս, որպէսզի այն ապականութեան մէջ չմտնի, եւ որպէսզի կեանքս լոյսը տեսնի։
29 Այս ամէնն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազօրը՝ երեք ճանապարհներով։
30 Հոգիս փրկել է մահից, եւ կեանքս լոյսի մէջ օրհնելու է նրան։
31 Ակա՛նջ դիր, Յո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կը խօսեմ։
32 Եթէ բան ունես՝ պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս։
33 Ապա թէ ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, եւ քեզ իմաստութիւնը կ՚ուսուցանեմ։