ՅՈԲ. Chapter 37

1 Ու դրա վրայ խռովուել է սիրտս, շարժուել իր տեղից։
2 Լսի՛ր Տիրոջ սրտմտութեան ու զայրոյթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։
3 Ամէն ինչ նրա երկնային իշխանութեան տակ է, իսկ նրա լոյսը՝ երկրի ծագերի վրայ։
4 Նրա յետեւից մի ձայն է գոչելու, որոտալու է իր բարձր ձայնով եւ դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։
5 Ամենազօրը որոտալու է սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։
6 Հրամայել է ձիւնին՝ Իջի՛ր լերան վրայ, նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։
7 Խափանում է ամէն մարդու ձեռքի գործը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։
8 Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիներով ծածկուել։
9 Հարաւային քամու շտեմարաններից խորշակ է դուրս գալիս, բարձրաւանդակներից՝ ցուրտ,
10 եւ Ամենազօրի շնչից սառնամանիք է սփռուելու։
11 Ուղղութիւն է տալիս ջրերին, ինչպէս կամենայ, խիտ ամպերը ցիրուցան է անելու։
12 Մէգը ցրելու է նրա լոյսը, իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր որ կամեցել՝ տնօրինել է դրանց գործը եւ այն ամէնը, ինչ կը հրամայի նրանց։ Սրանք երկրի վրայ կարգուած են իր կողմից՝
13 խրատի համար լինի թէ երկիւղ գցելու կամ ողորմութեան համար, եւ բոլորը կը գտնեն Նրան։
14 Ակա՛նջ դիր սրան, Յո՛բ, եկ խրատուի՛ր Տիրոջ զօրութեամբ։
15 Գիտենք, որ Աստուած տնօրինել է իր գործերը. լոյսն է ստեղծել խաւարի մէջ։
16 Գիտէ ամպերի էութիւնը։ Չարագործների յանցանքներն արհաւիրք են։
17 Ինչո՞ւ է պատմուճանդ տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարաւային հողմից։
18 Այդ Տէրն է հաստատել երկինքը եւ նրա մէջ գտնուող ջրալի ամպերը, որոնք իր զօրութեամբ ցած է թափում։
19 Բայց հէնց ինչո՞ւ, դէ հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խօսելուց։
20 Միթէ մօտս մատեա՞ն կայ,կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լինելով՝ լռեցնեմ։
21 Ամէն մարդու չէ, որ լոյսը տեսանելի է. փայլածուն ամպերի մէջ է, ինչպէս որ լոյսը՝ ամպերի վերեւում։
22 Հիւսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատութեամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիւը։
23 Չգիտենք մենք նրա զօրութեանը նմանուող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, եւ դու պէտք չէ՞ որ լսես նրան։
24 Դրա համար են մարդիկ նրանից երկիւղ կրում. նրանից վախենում են նաեւ սրտով իմաստունները։