ՅՈԲ. Chapter 17

1 Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։
2 Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու։ Գողացան օտարներն ինչքերս։
3 Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի։
4 Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց։
5 Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր։ Աչքերս որդոցս համար հալուեցին։
6 Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ։
7 Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից։
8 Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ։
9 Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ։
10 Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես։
11 Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին։
12 Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից։
13 Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս։ Խաւարի մէջ է փռուած մահիճս։
14 Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր։
15 Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես։
16 Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու։