ՅՈԲ. Chapter 13

1 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս։
2 Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից։
3 Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար։
4 Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն։
5 Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան։
6 Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք։
7 Չէ՞ որ մեր Տիրոջ առաջ էք խօսում, նրա յանդիման նենգ բարբառում էք։
8 Ետ պիտի քաշուէ՞ք։ Ո՛չ, ինքներդ ձեզ եղէք դատաւոր։
9 Բայց բարւոք է, որ ինքը քննի ձեզ։ Զի թէ արուածը իրեն վերագրէք՝ նա էլ ձեզ նուազ չի կշտամբելու։
10 Իսկ եթէ ծածուկ՝ աչառու լինէք մարդկանց նկատմամբ,
11 Իր արհաւիրքը ահի կը մատնի, նրա երկիւղը կը թափուի ձեզ վրայ։
12 Պերճանքը ձեր մոխրի պէս կը լինի, մարմինը՝ կաւի։
13 Լռեցէ՛ք, զի ես եմ խօսելու, գտնելու անդորր իմ զայրոյթից։
14 Մարմինս առնեմ ատամներիս մէջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մէջ իմ։
15 Թէ որ իջեցնի Ամենազօրը ձեռքը ինձ վրայ (սկսել էլ է)՝ չե՞մ խօսելու ես Նրա առաջին եւ պաշտպանուելու փորձեր անելու։
16 Կը դառնայ դա ինձ իբրեւ փրկութիւն, զի նրա առաջ նենգ բան չի կանգնի։
17 Լսեցէ՜ք, անսացէ՜ք խօսքերիս. ի լուր ամենքիդ եմ ասում ես սա։
18 Մօտ եմ ես ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երեւալու ես։
19 Ո՞վ է ոսոխն իմ, որ դէմ կանգնի ինձ. ինչո՞ւ կաշկանդուեմ եւ կամ էլ մեռնեմ։
20 Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ. այն ժամանակ է՛լ հո չե՞մ թաքնուի ես Քո երեսից։
21 Ե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. եւ ահդ թող ինձ չսարսափեցնի։
22 Յետոյ դիմի՛ր ինձ, ու Քեզ կը լսեմ, թէ խօսես ինձ հետ՝ պատասխան կը տամ։
23 Որքա՞ն մեղք ունեմ, անօրէնութիւն, հասկացրո՛ւ Դու ինձ՝ որքա՞ն են դրանք։
24 Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ Քեզ թշնամի՞ ես հաշւում արդեօք,
25 թէ՞ քամուց շարժուող տերեւից ես Դու վախենում այդպէս, կամ թէ հակառա՞կ ես կանգնում Դու ինձ՝ հողմավար խոտիս։
26 Իմ դէմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր ջահելի մեղքերս։
27 Ոտքերս դրեցիր կոճղի մէջ, խուզարկու դարձար իմ գործերին, քննեցիր նոյնիսկ ոտնահետքերս,
28 մինչդեռ մարմինս է հին տիկի պէս, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պէս։