ՅՈԲ. Chapter 16

1 Յոբը նորից խօսեց ու ասաց.
2 Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։
3 Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։
4 Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։
5 Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։
6 Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել,
7 քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։
8 Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։
9 Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։
10 Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ։
11 Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։
12 Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։
13 Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։
14 Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ.
15 ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները,
16 եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։
17 Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։
18 Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։
19 Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։
20 Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։
21 Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։
22 Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։
23 Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին։