ՅՈԲ. Chapter 29

1 Յոբը նորից խօսեց ու ասաց.
2 Ո՞վ ինձ կը դարձնէր նախկին օրերիս, ամիսներին իմ, երբ պաշտպանում էր ինձ ինքը Աստուած,
3 երբ լուսաւոր էր նրա ճրագը իմ գլխի վերեւ, երբ նրա լոյսով էի ընթանում խաւարի միջով,
4 երբ զուարճութեան ճամփի մէջ էի,երբ Տէրն այցի էր գալիս իմ տունը,
5 երբ լողում էի հարստութեան մէջ, շուրջս՝ ծառաներ,
6 երբ կարագով էր ճամփաս ողողուած, լեռներս կաթով էին ոռոգւում,
7 երբ առաւօտեան քաղաք դուրս գալիս՝ հրապարակում էր դրւում աթոռս։
8 Տեսնում էին ինձ երիտասարդներ եւ քաշւում էին, ու կանգնում էին ծերերը ոտքի։
9 Ընդհատում էին իրենց խօսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։
10 Ովքեր բան էին լսում իմ մասին՝ երանի տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
11 Զի ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնէկ էր տալիս, ինձ տեսնող աչքը մի կողմ էր շրջւում։
12 Զի աղքատին ես հզօրի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգ որբուկին։
13 Կեանքից հեռացող մարդկանց օրհնանքը տեղում էր վրաս, այրու բերանը օրհնաբանում ինձ։
14 Արդարութեամբ էի զգեստաւորուել եւ իրաւունքը թիկնոցի նման գցել ինձ վրայ։
15 Կոյրին աչք էի եւ կաղ մարդուն՝ ոտք ու խեղճերին՝ հայր։
16 Դատ էի անում նրան, ում բնաւ չէի ճանաչում։
17 Անիրաւների ծնօտը ջարդում, յափշտակուածը խլում էի ես նրանց ժանիքից։
18 Ասում էի, թէ գուցէ տարիքս ծերութեան հասնի, արմաւենու պէս երկար ժամանակ կարենամ ապրել։
19 Ջրերի վրայ իմ արմատները լայն տարածուէին, ու ցօղն էլ հանգչէր իմ հնձի վրայ։
20 Ակնկալիքս ընդունայն եղաւ. իմ գործիքն, աղեղն իր ձեռքին՝ անցաւ նա։
21 Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս տալիս՝ միշտ լռում էին,
22 խօսքերիս չէին բան աւելացնում։
23 Խնդակցում էին, երբ որ հետները խօսում էի ես. սպասում էին նրանք իմ խօսքին, ինչպէս ծարաւ հողն՝ անձրեւի գալուն։
24 Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հաւատում, բայց չէր նուազում լոյսը իմ դէմքից։
25 Ինքս էի ընտրում բոլորի ուղին, զերթ իշխան նստում, զօրքի մէջ բազմում իբրեւ թագաւոր։