ՅՈԲ. Chapter 12

1 Յոբը նորից խօսեց ու ասաց.
2 Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու։
3 Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ։
4 Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի։
5 Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած։
6 Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի։ Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան։
7 Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազանին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ.
8 ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ։
9 Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ։
10 Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի։
11 Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր։
12 Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ։
13 Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար։
14 Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն։
15 Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը։
16 Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն։
17 Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին,
18 գահերին է նստեցնում արքաներինեւ գօտի կապում նրանց մէջքին։
19 Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին։
20 Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։
21 Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։
22 Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։
23 Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։
24 Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։
25 Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։