ՅՈԲ. Chapter 34

1 Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2 Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ, եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք.
3 քանզի ականջն է քննում խօսքերը, իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում։
4 Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի։
5 Յոբն ասաց. Ես արդար եմ, բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները,
6 արդար դատաստան չարեց իմ հանդէպ. սաստիկ է նետի յարուցած վէրքը,եւ ես անիրաւութիւն չեմ գործել։
7 Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս, արհամարհանքն իբրեւ ջուր խմի,
8 չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով,անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ։
9 Չասես՝ Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու։
10 Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք։ Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թէ արդար եմ ես։
11 Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա,ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան։
12 Գուցէ Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է ստեղծել։
13 Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ ու միջոցի մէջ եղած ամէն բան։
14 Եթէ կամենար սահմանափակել եւ հոգին յետ իր մէջ պահել,
15 առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր, ամէն մարմին կը դառնար հող, որից որ ստեղծուել էր։
16 Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս։
17 Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը, խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում։
18 Ամբարիշտ է նա, ով թագաւորին ասում է՝ անիրաւ ես դու, իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ։
19 Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։
20 Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝ խեղճերին էլ խոտորեցնելու համար.
21 քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները, ինչ որ սրանք արել են. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։
22 Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում,
23 որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից, որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ,
24 քննում, վերահասու է լինում անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաների, որ թիւ ու համար չունեն։
25 Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը եւ մի գիշերում տապալելու նրանց, ու խորտակուելու են։
26 Խաւարեցրել է ամբարիշտներին, եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը։
27 Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։
28 Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։
29 Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու, թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու։
30 Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ կեղծաւորին է թագաւոր կարգելու։
31 Մէկն ասելու է Ամենազօրին. Առել ու գրաւել եմ առանց քեզ.
32 թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ, իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝ այլեւս չեմ անի։
33 Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։
34 Դրա համար սրտով իմաստունները,նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի.
35 Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց, եւ նրա խօսքերը խելացի չեն։
36 Բայց հաշուի՛ առ, Յո՛բ, եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ,
37 որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք. Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար։