ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 23

1 Ահա եւ Դաւթի վերջին խօսքերը. Հաւատարիմ է Յեսսէի որդի Դաւիթը, հաւատարիմ է նա, որին Տէրը բարձրացրեց եւ իբրեւ Աստծու օծեալ՝ Յակոբի ցեղի վրայ թագաւոր կարգեց։
2 Գեղեցիկ են Իսրայէլի երգերը։ Տիրոջ հոգին իմ մէջ խօսեց, նրա խօսքն իմ լեզուի վրայ է։
3 Իսրայէլի Աստուածն ասաց, ինձ հետ խօսեց Իսրայէլի պահապանը. ես այլաբանութեամբ ասացի մարդկանց. Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ եւ Աստծու երկիւղին, ինչպէս առաւօտեան լոյսին։
4 Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։
5 Մի՞թէ այդպիսին չէ իմ տունը հզօր Աստծու մօտ։ Նա ինձ հետ յաւիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պէտք է պահուի։ Իմ ամբողջ փրկութիւնն ու իմ ամբողջ կամքը Տէրն է։
6 Անօրէնները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցուող փշերի, որոնք ձեռքով չեն բռնւում,
7 այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետւում կրակի մէջ եւ այրւում են իրենց ամօթից։
8 Սրանք են Դաւթի զօրավարների անունները. քանանացի Յեբուսթէ՝ նոյն ինքը ասոնացի Ադինոն մէկ երրորդ մասի հրամանատար։ Սա սուր էր բարձրացրել միանգամից ութ հարիւր զինուորների վրայ։
9 Նրանից յետոյ գալիս է Եղեանան՝ նրա հօրեղբօրորդին, սոսացու որդին, որը Դաւթի երեք զօրավարներից մէկն էր։ Երբ սա Ռեմայում ասպարէզ կարդաց այլազգիներին, սրանք պատերազմի հաւաքուեցին, եւ նա խրախուսեց Իսրայէլի մարդկանց։
10 Նա վեր կացաւ ու այլազգիներին այնքան հարուածեց, որ ձեռքը կպաւ սրին։ Տէրն այդ օրը մեծ փրկութիւն պարգեւեց։ Զօրքը մնաց, բայց միայն դիակապտութեան համար։
11 Սրանից յետոյ գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հաւաքուել էին Ծնօտ կոչուող վայրում։ Այնտեղ կար մի դաշտ, ուր առատ ոսպ էր ցանուած։ Զօրքը փախաւ այլազգիների առաջից,
12 իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց զօրքին, հարուածեց այլազգիներին, ու Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց։
13 Երեսուն զօրավարներից երեքը գնացին Կասովա, Ոդողոմի քարայրը, Դաւթի մօտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։
14 Դաւիթն այն ժամանակ ամրոցում էր։ Այն ժամանակ այլազգիների բանակատեղին Բեթղեհէմում էր։
15 Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ խմեմ։
16 Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին։ Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, առան ու եկան Դաւթի մօտ։
17 Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը։ Նա ասաց. Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ։ Մի՞թէ ես կը խմեմ իրենց կեանքը վտանգող մարդկանց արիւնը։ Եւ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զօրավարները։
18 Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։
19 Նա անուանի էր երեքի մէջ, նրանցից աւելի փառաւորուած, նրանց գլխաւորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասաւ։
20 Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։ Նա է, որ ձիւնոտ մի օր փոսի մէջ իջնելով՝ առիւծ էր սպանել։
21 Նա էր սպանել եգիպտացի յաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան յիշեցնող մի նիզակ։ Նա յարձակուելով այդ մարդու վրայ՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից եւ նրա նիզակով էլ սպանել նրան։
22 Այս բանն արել էր Յովիդայէի որդին՝ Բանեան։ Նա անուանի էր երեք զօրավարների մէջ։
23 Նա այդ երեքից ամենից փառաւորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դաւիթը նրան իր շտեմարանների վերակացու էր նշանակել։Սրանք են Դաւիթ արքայի զօրավարների անունները.
24 Յովաբի եղբայր Ասայէլ, որը երեսուն զօրավարներից մէկն էր։
25 Բեթղեհէմում ապրող նրա հօրեղբօր՝ Եղիուդի որդի Եղեանա,
26 ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ, փեղղատացի Աղղաս,
27 թեկուացի Եսկաթի որդի Իրաս, ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր,
28 աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերէ, Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անտովէ,
29 եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,
30 Նաքաղայի Ադդայի դաշտավայրերից՝ Աբիեղբոն,
31 ղադաբարացի Գասբիէ,
32 բարասամացի Ասմոն,
33 սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդի Յովնաթան,
34 արոդացի Սամնան, արաթիրացի Աբեդի որդի Եղիա, ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ,
35 գաղամոնացի Աքիտոփէլի որդի Եղիաբ, կարմեղացի Ասարէ, երքացի Տուուր,
36 Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տէր գաղաադացու որդին էր, ամմանացի Եղիէ,
37 Շարուհիի որդի Յովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորէ, յեթերացի Իրաս,
38 բեթանացի Գարէի, քետացի Ուրիա։ Ընդամէնը՝ երեսունեօթը հոգի։
39 Հեղեղատից արաբոթացի Գադաբիէլից սերուած նաեւ ուրիշներ։