ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 14

1 Շարուհիի որդի Յովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդէպ։
2 Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ կին բերելով՝ ասաց նրան. Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր, իւղով մի՛ օծուիր եւ դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռեալի վրայ է սգում։
3 Կը գնաս արքայի մօտ եւ նրա հետ այսպէս կը խօսես։ Եւ Յովաբը նրան յայտնեց այն, ինչ պէտք է ասէր։
4 Թեկուացի կինը մտաւ արքայի մօտ եւ երեսնիվայր գետին խոնարհուելով՝ ասաց.
5 Փրկի՛ր ինձ, արքա՛յ, փրկի՛ր։ Արքան ասաց նրան. Ի՞նչ է եղել քեզ։ Նա ասաց. Ես մեծ տագնապի մէջ եմ։
6 Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։ Քո աղախինը երկու որդի ունէր։ Երկուսը դաշտում կռուեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, եւ եղբայրներից մէկը միւսին խփեց ու սպանեց։
7 Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան փոխարէն եւ քո ժառանգորդին վերացնենք։ Այսպիսով նրանք ուզում են հանգցնել իմ յոյսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ յետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին։
8 Արքան ասաց. Ողջութեամբ գնա՛ քո տունը, եւ ես կը կարգադրեմ քո հարցը։
9 Թեկուացի կինն ասաց. Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն։
10 Արքան ասաց. Ո՞վ է քեզ հետ խօսելու։ Նրան ինձ մօ՛տ բեր, եւ նա այլեւս քեզ չի մօտենայ։
11 Կինն ասաց. Թող արքան յիշի իր Տէր Աստծուն, որ չշատանան վրէժի համար արիւն թափողները եւ իմ որդուն չսպանեն։ Դաւիթն ասաց. Կենդանի է Տէրը. քո որդու գլխից մի մազ անգամ գետին չի ընկնի։
12 Կինն ասաց. Թո՛յլ տուր, որ քո աղախինը մի խօսք ասի իր տէր արքային։
13 Արքան ասաց. Խօսի՛ր։ Կինն ասաց. Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թէ արքայի՞ բերանից ելաւ այն վնասաբեր խօսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացուածին,
14 որ նա մեռնի եւ, ինչպէս գետին թափած ջուրը, այլեւս չհաւաքուի, Աստուած նրա հոգին չառնի, եւ որեւէ մէկը չմտածի իրենից հեռացնել հեռացուածին։
15 Արդ, եկել եմ իմ տէր արքային ասելու այս խօսքերը, որպէսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի, թէ՝ Քո աղախինը խօսել է արքայի հետ, թերեւս արքան իր աղախնի խօսքը կատարի։
16 Քանզի արքան պէտք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգութիւնից զրկել։
17 Եւ կինն ասաց. Թող իմ տէր արքայի խօսքը բարով կատարուի, քանզի իմ տէր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, եւ թող քո Տէր Աստուածը քեզ հետ լինի։
18 Արքան պատասխանեց եւ ասաց կնոջը. Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ։
19 Կինն ասաց. Ասա՛, տէ՛ր իմ արքայ։ Արքան ասաց. Քո ասած այս բոլոր խօսքերի մէջ արդեօ՞ք Յովաբի մատը չկայ։ Կինն ասաց արքային. Երդւում եմ քո անձով, տէ՛ր իմ արքայ, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորուի այն ամենից, որ ասաց իմ տէր արքան. քո ծառայ Յովաբը ինքն է ինձ պատուիրել, եւ նա է քո աղախնի բերանը դրել այս խօսքերը, որ ասում եմ։
20 Այս խօսքի ձեւը փոխելու նպատակով է, որ քո ծառայ Յովաբն արեց այս բանը։ Իմ տէր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պէս եւ գիտէ երկրի վրայ եղած ամէն բան։
21 Արքան գնաց եւ ասաց Յովաբին. Ահաւասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա յե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին։
22 Յովաբը երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Յովաբն ասաց. Այսօր քո ծառան իմացաւ, որ շնորհ է գտել քո աչքում, տէ՛ր իմ արքայ, քանզի իմ տէր արքան իր ծառայի ասածը կատարեց։
23 Յովաբը ելաւ գնաց Գեսուր եւ Աբեսաղոմին բերեց Երուսաղէմ։
24 Արքան ասաց. Թող իր տունը վերադառնայ եւ թող իմ երեսը չտեսնի։ Աբեսաղոմն իր տունը վերադարձաւ եւ արքայի աչքին չերեւաց։
25 Ամբողջ Իսրայէլի մէջ Աբեսաղոմի պէս գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչեւ գլուխը նա ոչ մի արատ չունէր։
26 Երբ իր գլխի մազերը կտրում էր, - իսկ նա ամէն տարուայ սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրայ, - այդ կտրած մազերը կշռում էին երկու հարիւր սիկղ ըստ արքունական կշռի։
27 Աբեսաղոմը երեք տղայ եւ մէկ աղջիկ ունեցաւ, որի անունն էր Թամար։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր եւ, դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը, նրա համար ծնեց Աբիային։
28 Աբեսաղոմը երկու տարի մնաց Երուսաղէմում, բայց արքայի աչքին չերեւաց։
29 Աբեսաղոմը մարդ ուղարկեց Յովաբի մօտ, որ սա այցելի արքային, բայց Յովաբը չուզեց նրա մօտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը լուր ուղարկեց, եւ նա դարձեալ չուզեց գնալ։
30 Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն։ Աբեսաղոմի ծառաները այրեցին Յովաբի արտը։ Յովաբի ծառաները եկան իր մօտ իրենց պատառոտուած զգեստներով եւ ասացին. Աբեսաղոմի ծառաները քո արտը այրեցին։
31 Յովաբը ելաւ եկաւ Աբեսաղոմի տունը եւ ասաց նրան. Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը։
32 Աբեսաղոմն ասաց Յովաբին. Ես քեզ մօտ մարդ էի ուղարկել, թէ՝ Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մօտ՝ ասելու համար, թէ ես ինչո՞ւ եկայ Գեսուրից, քանի որ աւելի լաւ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թէ արքայի երեսը չտեսնէի։ Եթէ որեւէ յանցանք ունեմ, սպանի՛ր ինձ։
33 Յովաբը մտնելով արքայի մօտ՝ հաղորդեց նրան նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտնելով արքայի մօտ՝ երեսնիվայր գետին ընկաւ արքայի առաջ, երկրպագեց նրան, եւ արքան համբուրեց Աբեսաղոմին։