ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 11

1 Հետեւեալ տարին, երբ թագաւորները արշաւի էին ելնելու, Դաւիթը Յովաբին իր ծառաների ու բոլոր իսրայէլացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամոնացիներին եւ պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղէմում։
2 Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին լողանում էր տանիքի վրայ։
3 Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։ Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբէէն։
4 Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը։ Նա դաշտանից նոր էր մաքրուել։ Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ։
5 Նա մարդ ուղարկեց Դաւթի մօտ եւ ասաց. Յղի եմ ես։ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբի մօտ՝ ասելով. Ինձ մօ՛տ ուղարկիր քետացի Ուրիային։
6 Եւ Յովաբը Ուրիային ուղարկեց Դաւթի մօտ։
7 Եկաւ Ուրիան, ներկայացաւ Դաւթին։ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութեան, զինուորների առողջութեան ու պատերազմի վիճակի մասին։
8 Ուրիան ասաց. Ամէն ինչ բարեյաջող է։ Դաւիթն ասաց Ուրիային. Ելի՛ր, գնա՛ քո տունը եւ լուա՛ ոտքերդ։ Ուրիան դուրս եկաւ արքայի տնից, եւ նրա յետեւից արքան պարգեւ ուղարկեց։
9 Ուրիան քնեց արքայի տան դռանը նրա ծառաների հետ. նա իր տունը չգնաց։
10 Դաւթին պատմեցին՝ ասելով, թէ Ուրիան իր տունը չի գնացել։ Դաւիթն ասաց Ուրիային. Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր։
11 Ուրիան ասաց Դաւթին. Աստծու ուխտի տապանակը, Իսրայէլի ու Յուդայի երկրի բանակները վրաններում են բնակւում, իմ տէր Յովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակւում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու եւ իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպէ՞ս կարող է պատահել։ Երդւում եմ քո կեանքով, որ ես այդ բանը չեմ անի։
12 Դաւիթն ասաց Ուրիային. Այսօր էլ այստեղ մնա՛, եւ վաղը քեզ կ՚արձակեմ։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղէմում։
13 Յաջորդ օրը Դաւիթը կանչեց նրան։ Սա կերաւ նրա մօտ, խմեց ու հարբեց եւ երեկոյեան քնեց իր անկողնում, իր տիրոջ ծառաների հետ. նա իր տունը չգնաց։
14 Առաւօտեան Դաւիթը նամակ գրեց Յովաբին եւ Ուրիայի միջոցով ուղարկեց նրան։
15 Նամակում գրուած էր. Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշուեցէք նրանից, որ նա վիրաւորուի ու մեռնի։
16 Երբ Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտէր, թէ զօրաւոր մարդիկ կան։
17 Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Յովաբի դէմ։ Դաւթի զօրքից մարդիկ ընկան եւ մեռան։ Մեռաւ նաեւ քետացի Ուրիան։
18 Յովաբը մարդ ուղարկեց եւ արքային պատմեց ամէն ինչ, որ պատահել էր պատերազմում։
19 Նա պատգամաբերին պատուիրեց՝ ասելով. Հէնց որ պատերազմի բոլոր դէպքերն արքային պատմես ու վերջացնես եւ տեսնես, թէ արքան զայրանալով կ՚ասի քեզ. Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէի՞ք, որ պարսպի վրայից նետեր կ՚արձակեն։
20 Ո՞վ սպանեց Ների որդի Յերոբովաղի որդի Աբիմելէքին։
21 Չէ՞ որ մի կին նրա վրայ պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում։ Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին, այն ժամանակ կ՚ասես. Քո ծառայ քետացի Ուրիան էլ մեռաւ։
22 Յովաբի պատգամաբերը գնաց Երուսաղէմ, արքայի մօտ, հասաւ ու հաղորդեց Դաւթին ամէն ինչ՝ պատերազմի բոլոր դէպքերը, ինչպէս պատուիրել էր Յովաբը։ Դաւիթը բարկանալով Յովաբի վրայ՝ ասաց պատգամաբերին. Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէ՞ք, որ պարսպից ձեզ հարուածելու են։ Ո՞վ սպանեց Յերոբովաղի որդի Աբիմելէքին։ Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրայ երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում։ Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին։
23 Պատգամաբերն ասաց Դաւթին. Այդ մարդիկ մեզանից ուժեղ էին։
24 Նրանք դուրս եկան մեր դէմ, մենք նրանց հալածեցինք մինչեւ քաղաքի դարպասը, բայց աղեղնաւորները պարսպի վրայից նետեր տեղացին քո ծառաների վրայ։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռաւ նաեւ քո ծառայ քետացի Ուրիան։
25 Դաւիթն ասաց պատգամաբերին. Այսպէս կ՚ասես Յովաբին. Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետեւ սուրը երբեմն այսպէս է հարուածում, երբեմն՝ այնպէս։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դէմ ու կործանի՛ր այն։ Եւ գօտեպնդի՛ր քեզ։
26 Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանուել է, ողբաց իր մարդու մահը։
27 Երբ սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց, սա դարձաւ նրա կինը եւ նրա համար որդի ծնեց։ Դաւթի այս արածը չար բան երեւաց Տիրոջ աչքին։