ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 6

1 Դաւիթը կրկին հաւաքեց Իսրայէլի բոլոր երիտասարդներին՝ մօտաւորապէս եօթանասուն հազար հոգի։
2 Դաւիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Յուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացուել էր Աստծու տապանակը, որին տրուած էր զօրութիւնների Տէր Աստծու անունը, եւ որի վրայ նստած է Աստուած քերովբէների միջեւ։
3 Դաւիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրայ, վերցրեց այն Ամինադաբ Բլրացու տնից։
4 Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը, իսկ միւս եղբայրները ընթանում էին տապանակի առջեւից։
5 Դաւիթն ու իսրայէլացիները Տիրոջ առաջ տաւիղներ, հնչեղ նուագարաններ, քնարներ, սրինգներ էին նուագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։
6 Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի։ Նա այն բռնեց, որովհետեւ լծկան զուարակն այն շարժել էր իր տեղից։
7 Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ, Աստծու առջեւ։
8 Դաւիթը տրտմեց, որ Տէրը մահացու հարուածեց Օզային նրա մեծ յանդգնութեան համար։
9 Այդ տեղը մինչեւ այսօր Օզայի Հարուած է կոչւում։ Այդ օրը Դաւիթը վախեցաւ Տիրոջից եւ ասաց. Տիրոջ տապանակը ինչպէ՞ս մտնի ինձ մօտ։
10 Դաւիթը չուզեց Տիրոջ ուխտի տապանակը տանել իր մօտ՝ Դաւթի քաղաքը, եւ Դաւիթը, շեղելով ճանապարհը, այն տարաւ գեթացի Աբեդդարի տունը։
11 Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տէրն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
12 Այդ մասին յայտնեցին Դաւթին՝ ասելով. Տէրն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամէն ինչը։Դաւիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից եւ ուրախութեամբ բերեց Դաւթի քաղաքը։
13 Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթը խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում։
14 Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։
15 Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։
16 Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նուագարաններ նուագում, արհամարհեց նրան իր հոգում։
17 Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը, վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել։
18 Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց։ Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը, զօրութիւնների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
19 Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրայ եփուած արմաւով խմորեղէն եւ չամչով կարկանդակ։ Ժողովրդի ամբողջ բազմութիւնը գնացին իրենց տները։
20 Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. Վայե՞լ էր Իսրայէլի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկանայ, ինչպէս մերկանում են պարողները։
21 Դաւիթն ասաց Մեղքողին. Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայէլի իր ժողովրդի վրայ առաջնորդ կարգեց։
22 Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։ Եւ դեռ էլ աւելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երեւամ ու դրանով էլ քո ասած այդ աղախինների առաջ պիտի փառաւորուեմ։
23 Եւ Սաւուղի դուստր Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չունեցաւ։