ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 5

1 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն, Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին.
2 Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը։ Տէրը քեզ ասաց. Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը։
3 Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ։
4 Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց.
5 եօթը տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ։
6 Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ, այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ։ Դաւթին ասացին, թէ՝ Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քեզ դէմ են կանգնել եւ ասում են. Դաւիթն այստեղ թող չմտնի։
7 Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է։
8 Այդ օրը Դաւիթն ասաց. Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ։ Դրա համար է, որ ասում են. Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը։
9 Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք։ Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց։
10 Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ ամենակալ Տէրը նրա հետ էր։
11 Տիւրոսի արքայ Քիրամը դեսպաններ ուղարկեց Դաւթի մօտ, նաեւ եղեւնափայտ, փայտի հիւսներ ու քարի վարպետներ, որոնք Դաւթի համար տուն շինեցին։
12 Դաւիթը համոզուեց, որ Տէրն է իրեն Իսրայէլի թագաւոր հաստատել եւ իր թագաւորութիւնը բարձրացրել իր ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ։
13 Դաւիթը Քեբրոնից Երուսաղէմ գալուց յետոյ ուրիշ կանայք ու հարճեր եւս առաւ։
14 Դաւիթն ուրիշ տղաներ եւ աղջիկներ էլ ունեցաւ։ Երուսաղէմում նրա ունեցած որդիների անունները սրանք են.
15 Սամաաթ, Յեսիբաթ, Նաթան, Գաղամաան, Յեբաար,
16 Թեմեսուս, Եղփաղատ, Նագեդ, Նափեկ, Յեննաթա, Եղիսամիս, Բաղիգադ եւ Եղիփաղէտ։
17 Այլազգիները լսելով, թէ Դաւիթը Իսրայէլի թագաւոր է օծուել, բոլորը ելան Դաւթի վրայ յարձակուելու։
18 Երբ Դաւիթն այդ իմացաւ, իջաւ ամրոցը։ Այլազգիները եկան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։
19 Դաւիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս։ Տէրն ասաց Դաւթին. Յարձակուի՛ր, քանզի անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին։
20 Դաւիթն եկաւ Խրամատների վրայից եւ այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դաւիթն ասաց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքով կոտորեց այնպէս, ինչպէս ջրերն են թմբերը աւերում։ Դրա համար այդ տեղը կոչուեց Խրամատների վրայ։
21 Նրանք այնտեղ թողեցին իրենց աստուածներին, եւ Դաւիթն ու իրեն ընկերակցող մարդիկ առան դրանք։
22 Այլազգիները կրկին ոտքի ելան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։
23 Դաւիթը հարցրեց Տիրոջն՝ ասելով. Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս։ Տէրն ասաց. Մի՛ յարձակուիր նրանց վրայ, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դէպի Լացի անտառը։
24 Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ յարձակուի՛ր նրանց վրայ, որովհետեւ այն ժամանակ է, որ Տէրը դուրս է գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին։
25 Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Եւ նա կոտորեց այլազգիներին Գաբաւոնից մինչեւ Գազերա։