ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 18

1 Դաւիթն իր հետ եղած զօրքի աշխարհագիր անցկացրեց եւ նրանց վրայ հազարապետներ ու հարիւրապետներ կարգեց։
2 Դաւիթը զօրքի մէկ երրորդ մասը յանձնեց Յովաբի, մէկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Յովաբի եղբայր Աբեսսայի եւ մէկ երրորդ մասն էլ գեթացի Եթթիի հրամանատարութեանը։ Դաւիթն ասաց զօրքին.
3 Ես էլ պէտք է ձեզ հետ դուրս գամ։ Նրանք ասացին. Դու չպէտք է դուրս գաս, որովհետեւ եթէ փախչենք, նրանք մեզ կարեւորութիւն չեն տայ։ Կարեւորութիւն չեն տայ, եթէ անգամ մեր կէսն էլ կոտորուի։ Դու մեր տասը հազար մարդու արժէքն ունես։ Արդ, լաւ է, որ դու քաղաքում մնաս եւ մեզ օգնութեան հասնես։
4 Արքան նրանց ասաց. Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կ՚անեմ։ Եւ արքան մնաց դարպասի մօտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարիւրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։
5 Արքան պատուէր տուեց Յովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. Խնայեցէ՛ք իմ պատանեակ Աբեսաղոմին։ Եւ ամբողջ զօրքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զօրավարներին պատուէր էր տալիս։
6 Ամբողջ զօրքը դուրս եկաւ անտառ, Իսրայէլի դէմ, եւ կռիւ եղաւ Եփրեմի անտառում։
7 Իսրայէլի զօրքը պարտուեց Դաւթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղաւ՝ քսան հազար հոգի ընկաւ։
8 Պատերազմն այստեղից տարածուեց ամբողջ երկրի վրայ։ Այդ օրն անտառն աւելի շատ զինուոր կլանեց, քան սուրը կոտորեց։
9 Աբեսաղոմը Դաւթի ծառաների դէմ դուրս եկաւ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, եւ ջորին մի մեծ կաղնու թաւ ոստերի տակը մտաւ։ Նրա գլուխը կաղնու ճիւղերի մէջ խճճուեց, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի միջեւ, իսկ ջորին նրա տակից անցաւ գնաց։
10 Մի մարդ տեսաւ ու պատմեց Յովաբին, թէ՝ Ահա տեսայ Աբեսաղոմին կաղնու ծառից կախուած։
11 Յովաբն ասաց իրեն լուր տուող մարդուն. Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետին չտապալեցիր։ Ես այսօր քեզ յիսուն սիկղ արծաթ եւ մի սուր կը տայի։
12 Մարդն ասաց Յովաբին. Եթէ քո ձեռքից նոյնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքը արքայի որդու վրայ չէի բարձրացնի, քանզի արքան մեզ՝ քեզ, Աբեսսային ու Եթթիին պատուիրել է՝ ասելով. Խնայեցէ՛ք Աբեսաղոմ պատանեակին, նրան ոչ մի վնաս թող չհասնի։
13 Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնայ, եւ դու ինքդ էլ հեռու կը մնայիր։
14 Յովաբն ասաց. Դրա համար էլ քեզ մօտ չեմ մնայ։ Եւ Յովաբը երեք նետ վերցրեց եւ դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրայ։
15 Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին եւ խփելով Աբեսաղոմին՝ սպանեցին նրան։
16 Յովաբը եղջերափող հնչեցրեց, եւ զօրքը նրա հետ վերադարձաւ, որպէսզի չհետապնդեն իսրայէլացիներին, որովհետեւ Յովաբը խնայում էր զօրքին։
17 Յովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մէջ։ Բոլոր իսրայէլացիները փախան՝ ամէն մէկն իր բնակավայրը։
18 Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաեւ Յաբինում, Թագաւորների հովտում։ Նա ասում էր, թէ ինքը որդի չունի, որ պահի իր յիշատակը։ Եւ նա կոթողը կոչել էր իր անուամբ, ու այն մինչեւ օրս կոչւում է Աբեսաղոմի ձեռակերտ։
19 Սադոկի որդի Աքիմաասն ասաց. Գնամ, աւետիս տանեմ արքային, քանզի Տէրն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից։
20 Յովաբն ասաց նրան. Դու այսօր աւետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր աւետիս կը տանես։ Այսօր պէտք չէ աւետիս տանել, քանզի արքայի որդին մեռաւ։
21 Նա ասաց Քուսիին. Գնա յայտնի՛ր արքային, ինչ որ տեսար։ Քուսին խոնարհ գլուխ տուեց Յովաբին ու դուրս եկաւ։
22 Սադոկի որդի Աքիմաասը դարձեալ ասաց Յովաբին. Ի՞նչ կը լինի, եթէ ես էլ վազեմ Քուսիի յետեւից։ Յովաբն ասաց. Դու ինչո՞ւ պէտք է վազես, որդեա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի աւետիս չէ, որ օգուտ բերի։
23 Աքիմաասն ասաց. Ի՞նչ կը լինի, եթէ վազեմ։ Յովաբն ասաց նրան. Վազի՛ր։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով եւ Քուսիից առաջ անցաւ։
24 Դաւիթը նստել էր երկու դարպասների միջեւ։ Պահակակէտի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դէպի պարիսպը եւ իր հայեացքը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։
25 Նա աղաղակելով՝ այդ մասին յայտնեց արքային։ Արքան ասաց. Եթէ մենակ է, աւետիս է բերում։ Նա գալիս, մօտենում էր։
26 Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսաւ եւ դարպասի մօտից աղաղակեց՝ ասելով. Ահա մի մարդ եւս մենակ վազում է։ Արքան ասաց. Նա էլ աւետաբեր է։
27 Դիտորդն ասաց. Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադոկի որդի Աքիմաասի վազքին։ Արքան ասաց. Նա բարի մարդ է եւ բարի լուրով կը գայ։
28 Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետին ընկնելով՝ ասաց արքային. Ողջո՛յն։ Օրհնեալ է քո Տէր Աստուածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տէր արքայի վրայ էին բարձրացրել։
29 Արքան ասաց. Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը։ Աքիմաասն ասաց. Ո՜վ արքայ, երբ քո ծառայ Յովաբն ինձ՝ քո ծառային ուղարկում էր, ես միայն մեծ բազմութիւն տեսայ։ Ես չիմացայ, թէ ինչ կար այնտեղ։
30 Արքան ասաց. Մի կո՛ղմ քաշուիր։ Նա մի կողմ քաշուեց ու կանգնեց։
31 Հասաւ Քուսին եւ ասաց արքային. Իմ տէր արքայ, աւետիս եմ բերել, Տէրն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրայ բոլոր ձեռք բարձրացնողներից։
32 Արքան հարցրեց Քուսիին. Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը։ Քուսին ասաց. Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները եւ բոլոր չար նպատակով քո դէմ ելնողները։
33 Արքան խռովուեց, բարձրացաւ դարպասի վերնատունը եւ ողբալով այս էր ասում. Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, երանի՜ ես մեռնէի քո փոխարէն, ես մեռնէի քո փոխարէն։ Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, որդեա՜կ իմ Աբեսաղոմ։