ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 12

1 Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ։ Սա, գալով նրա մօտ, ասաց. Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր, միւսն՝ աղքատ։
2 Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։
3 Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում.
4 դա կարծես նրա դուստրն էր։ Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ։ հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հիւրասիրի իր մօտ եկած անցորդին, առաւ աղքատի գառնուկը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդու համար։
5 Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան։
6 Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը։
7 Նաթանն ասաց Դաւթին. Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես եմ, որ քեզ թագաւոր օծեցի ամբողջ Իսրայէլի վրայ, ես եմ, որ քեզ փրկեցի Սաւուղի ձեռքից,
8 քեզ յանձնեցի քո տիրոջ՝ Սաւուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տուեցի Իսրայէլն ու Յուդայի երկիրը, եւ եթէ դրանք քիչ ես համարում, նոյնքան էլ կ՚աւելացնեմ։
9 Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ կնութեան առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով։
10 Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար։
11 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ պառկելու է քո կանանց հետ։
12 Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով։
13 Դաւիթն ասաց Նաթանին. Մեղանչել եմ Տիրոջ դէմ։ Նաթանն ասաց Դաւթին.
14 Տէրը ներեց քո մեղքը, եւ դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տուեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնուելիք որդիդ պէտք է մեռնի։
15 Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ։
16 Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։
17 Պալատականները ելան գնացին նրա մօտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ եւ նրանց հետ հաց չկերաւ։
18 Երբ եօթներորդ օրը մանուկը մեռաւ, պալատականները վախենում էին Դաւթին յայտնել, թէ մանուկը մեռաւ, քանզի ասում էին. Քանի դեռ մանուկը կենդանի էր, խօսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպէ՞ս ասենք, թէ մանուկը մեռաւ։ Նա չարիք կը գործի։
19 Դաւիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են եւ հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. Մի՞թէ մանուկը մեռաւ։ Նրանք ասացին՝ Մեռաւ։
20 Դաւիթը գետնից վեր կացաւ, լուացուեց ու օծուեց, փոխեց իր զգեստները, մտաւ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տունը մտաւ, ուզեց հաց ուտել։
21 Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերաւ։ Պալատականները նրան ասացին. Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջւում, իսկ երբ մանուկը մեռաւ, վեր կացար, կերար ու խմեցիր։
22 Դաւիթն ասաց. Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետեւ մտածում էի. Ո՞վ գիտի, գուցէ Տէրը ողորմի, եւ մանուկն ապրի։
23 Հիմա որ մանուկը մեռաւ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թէ կարող եմ նրան յետ կեանքի կոչել։ Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ մօտ չի վերադառնայ։
24 Դաւիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբէէին։ Դաւիթը գնաց նրա մօտ, պառկեց նրա հետ, կինը յղիացաւ ու ծնեց որդի։ Դաւիթը նրա անունը դրեց Սողոմոն։
25 Տէրը սիրեց նրան, Նաթան մարգարէի միջոցով պատգամ յղեց, եւ սա մանկան անունը Տիրոջ համար Յեդեդի դրեց։
26 Յովաբը Ռաբաթում պատերազմում էր ամոնացիների դէմ եւ գրեթէ գրաւել էր թագաւորանիստ քաղաքը։
27 Յովաբը պատգամաբերներ ուղարկեց Դաւթին՝ ասելով.
28 Ռաբաթի դէմ պատերազմել եմ եւ գրաւել ջրերի քաղաքը։ Արդ, հաւաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու գրաւի՛ր այն, որպէսզի ե՛ս գրաւած չլինեմ քաղաքը, եւ իմ անունը չկապուի դրա հետ։
29 Դաւիթը հաւաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրաւեց այն։
30 Նա նրանց թագաւոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր եւ զարդարուած էր թակարժէք քարերով։ Դա դրեցին Դաւթի գլխին։ Նա քաղաքից խիստ շատ աւար տարաւ։
31 Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա այսպէս վարուեց նաեւ ամոնացիների բոլոր քաղաքներում։ Դաւիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից յետոյ վերադարձան Երուսաղէմ։