ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 21

1 Երեք տարի իրար յետեւից սով եղաւ Դաւթի օրօք, եւ Դաւիթը դիմեց Տիրոջը։ Տէրն ասաց. Սաւուղի եւ նրա տան արիւնահեղութեան պատճառով է այս պատուհասը, որովհետեւ նա կոտորել է գաբաւոնացիներին։
2 Դաւիթ արքան կանչեց գաբաւոնացիներին ու խօսեց նրանց հետ։ Գաբաւոնացիները իսրայէլացիներ չէին, այլ ամորհացու արիւնից էին։ Իսրայէլացիները երդումով էին կապուած նրանց հետ, բայց Սաւուղը ուզեց կոտորել նրանց, որպէսզի վրէժ լուծի Իսրայէլի ու Յուդայի երկրի որդիների համար։
3 Դաւիթն ասաց գաբաւոնացիներին. Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քաւութիւն անեմ, որ օրհնէք Տիրո ջ ժառանգութիւնը։
4 Գաբաւոնացիներն ասացին նրան. Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սաւուղից ու նրա ցեղից, ոչ էլ որեւէ իսրայէլացու մահն ենք ուզում։ Արքան ասաց. Հապա ի՞նչ էք ուզում, որ անեմ ձեզ համար։
5 Նրանք ասացին արքային. Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։
6 Որպէսզի նրանք վերանան Իսրայէլի բոլոր սահմաններից, մեզ յանձնեցէ՛ք նրա որդիներից եօթը հոգի, որ նրանց կախենք Տիրոջ առաջ, Տիրոջ ընտրեալ Սաւուղ արքայի Գաբաա քաղաքում։ Արքան ասաց. Ես ձեզ կը տա՛մ նրանց։
7 Արքան խնայեց Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէին այն երդումի համար, որ Դաւիթն ու Սաւուղի որդի Յովնաթանը տուել էին իրար Տիրոջ առաջ։
8 Դաւիթն առաւ Սաւուղից սերուած Այիայի դուստր Ռեսփայի երկու որդիներին՝ Երմոնթիին ու Յեբուսթէին, Սաւուղի դուստր Մերոբի հինգ որդիներին, որ սերուել էին մոլաթացի Բերզելիի որդի Եսդրիէլից, ու նրանց յանձնեց գաբաւոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լերան վրայ, Տիրոջ առաջ։
9 Նրանք եօթն էլ միասին զոհուեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
10 Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ առաւ ու գցեց ապառաժի վրայ գտնուող նրանց դիակների վրայ, մինչեւ որ երկնքից անձրեւ տեղաց նրանց վրայ։ Նա չէր թողնում, որ երկնքի թռչունները նրանց մօտենան ցերեկը, ոչ էլ անապատի գազանները՝ գիշերը։
11 Դաւթին յայտնեցին, թէ ինչ էր արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սաւուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, եւ Յովասի որդի Դանը, հսկաների ցեղից, հասաւ նրանց վրայ։
12 Դաւիթը գնաց եւ Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Յաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն հաւաքել էին դրանք Բեթսանի հրապարակից։ Այլազգիները Գեղբուէում կախել էին նրանց այն օրը, երբ յաղթել էին նրանց։
13 Նա այնտեղից հանեց Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները, հաւաքեց նաեւ Բենիամինի երկրում կախուածների ոսկորները եւ թաղեց այն գերեզմանում, որը պատկանում էր նրանց հայր Կիսին։
14 Նրանք արեցին այն ամէնը, ինչ արքան հրամայել էր, եւ Աստուած դրանից յետոյ լսեց երկրից եկող ձայնը։
15 Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների եւ իսրայէլացիների միջեւ։ Դաւիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դէմ։ Դաւիթը յոգնեց։
16 Յեսբէացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, եւ որի նիզակը երեք հարիւր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մէջքին թուր ունէր, ուզում էր սպանել Դաւթին։
17 Շարուհիի որդի Աբեսսան, սակայն, օգնութեան եկաւ Դաւթին եւ, հարուածելով այլազգուն, սպանեց նրան։ Այն ժամանակ Դաւթի մարդիկ երդուեցին՝ ասելով. Դու այլեւս մեզ հետ պատերազմի չպէտք է դուրս գաս, որ Իսրայէլի ճրագը չհանգի։
18 Դրանից յետոյ Գեթում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը սպանեց Սեփտոնին, որը Ռափայի որդիներից էր։
19 Դարձեալ պատերազմ եղաւ Ռոբում այլազգիների դէմ, եւ բեթղեհէմացի Արիոդիմի որդի Եղէանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բռնակը ոստայնանկների գլան էր յիշեցնում։
20 Դարձեալ պատերազմ եղաւ Գեթում։ Այդ ժամանակ մի մարդ կար Մաով անունով, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝ ընդամէնը քսանչորս մատ։
21 Նա ծնուել էր Ռափայից եւ նախատում էր իսրայէլացիներին։ Նրան սպանեց Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնաթանը։
22 Սրանք չորսը ծնուել էին Ռափայի տանը, Գեթում, եւ ընկան Դաւթի ու նրա մարդկանց ձեռքով։