ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 8

1 Դրանից յետոյ Դաւիթը յարձակուեց այլազգիների վրայ, փախուստի մատնեց նրանց, այլազգիների ձեռքից վերցրեց քաղաքին յարող տարածքները։
2 Դաւիթը հարուածեց մովաբացիներին, նրանց գետին պառկեցրեց եւ չափեց պարանով. ամէն երկու պարան չափեց սպանելու եւ ամէն երկու պարան՝ կենդանի թողնելու համար։
3 Մովաբացիները Դաւթի հարկատու հպատակները դարձան։ Երբ Դաւիթը գնում էր իր իշխանութիւնը Եփրատի վրայ հաստատելու, յարձակուեց Սուբայի արքայի՝ Ռովամի որդի Ադրաազարի վրայ։
4 Դաւիթը նրանից հազար մարտակառք, եօթը հազար հեծեալ ու քսան հազար հետեւակ գերի վերցրեց։ Դաւիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար թողնելով միայն հարիւր մարտակառք։
5 Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրաազարին, բայց Դաւիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։
6 Դաւիթը Ասորիքում, Դամասկոսի մօտ բերդապահ զօրքեր դրեց, եւ ասորիները Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
7 Դաւիթն առաւ Սուբայի արքայ Ադրաազարի ծառաների ոսկէ ապարանջանները եւ բերեց Երուսաղէմ։
8 Եգիպտոսի արքայ Սաւսակիմը դրանք յետ վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրօք յարձակուեց Երուսաղէմի վրայ։ Դաւիթ արքան Մասբակից եւ Ադրաազարի հռչակաւոր քաղաքներից առաւ պղինձ, որով Սողոմոն արքան պղնձէ տաշտ, սիւներ, աւազաններ եւ ամէն տեսակ կահոյք պատրաստեց։
9 Եմաթի արքայ Թովուն լսելով, որ Դաւիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զօրքերին, իր որդի Եդդուրային ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա ողջութիւնը հարցնելու։
10 Նա շնորհաւորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանզի սա Թովուի թշնամին լինելով՝ իր դէմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան իր հետ վերցրել էր ոսկէ, արծաթէ եւ պղնձէ անօթներ։
11 Դաւիթ արքան այս ամէնը Տիրոջը նուիրաբերեց, ինչպէս նուիրաբերել էր իր յաղթած բոլոր ազգերից՝ եդոմայեցիներից, մովաբացիներից, ամոնացիներից,
12 այլազգիներից, ամաղէկացիներից եւ Սուբայի արքայի՝ Ռոբի որդի Ադրաազարից գրաւած արծաթն ու ոսկին։
13 Դաւիթն անուանի դարձաւ։ Երբ վերադառնում էր, Դաւիթը Գաբեղեմում հարուածեց ասորիներին եւ տասնութ հազար մարդ կոտորեց։
14 Նա Եդոմի մէջ՝ եդոմայեցիների երկրի բոլոր տեղերում բերդապահ զօրքեր դրեց, եւ բոլոր եդոմայեցիները դարձան արքայի հպատակները։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
15 Աստուած Դաւթին ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր կարգեց, եւ սա իրաւունք ու արդարութիւն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդէպ։
16 Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատարն էր, Աքիի որդի Յոսափատը դիւանապետ էր,
17 Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր,
18 Յովիդայէի որդի Բանեան խորհրդական էր, քերեթիները, փելեթիներն ու Դաւթի որդիները արքունի իշխաններ էին։