ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 15

1 Դրանից յետոյ Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ եւ առջեւից վազող յիսուն հոգի սուրհանդակ հաւաքեց։
2 Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. Դու ո՞ր քաղաքից ես։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թէ՝ Քո ծառան Իսրայէլի այսինչ ցեղից է,
3 Աբեսաղոմն ասում էր նրան. Քո գործերը արդար են ու դիւրին, բայց արքայի մօտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի։
4 Աբեսաղոմը մտածում էր. Եթէ որեւէ մէկն ինձ դատաւոր նշանակէր այս երկրի վրայ, եւ ամէն ոք, որ վէճ կամ դատ ունենար, ինձ մօտ գար, ես արդարութեամբ կը դատէի նրան։
5 Երբ որեւէ մէկը նրան էր մօտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դէպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։
6 Աբեսաղոմն այսպէս էր վարւում այն բոլոր իսրայէլացիների նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մօտ։ Աբեսաղոմն այսպիսով շահում էր Իսրայէլի բոլոր մարդկանց սրտերը։
7 Չորս տարի լրանալուց յետոյ Աբեսաղոմն ասաց իր հօրը.
8 Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը, քանզի Ասորիքի Գեսուր քաղաքում բնակուելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. Եթէ Տէրն ինձ վերադարձնի Երուսաղէմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու։
9 Արքան նրան ասաց. Գնա՛ խաղաղութեամբ։
10 Նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամաւորներ ուղարկելով Իսրայէլի բոլոր ցեղերին՝ ասաց. Երբ եղջերափողի ձայն լսէք, ասացէ՛ք, թէ Աբեսաղոմ թագաւորն է թագաւորել Քեբրոնում։
11 Աբեսաղոմի հետ գնացին երկու հարիւր հրաւիրեալներ, որոնք գնում էին միամիտ, ամենեւին տեղեակ չլինելով անցուդարձին։
12 Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դաւթի խորհրդական թեկուացի Աքիտոփէլին։ Շատ մարդ հաւաքուեց, եւ մեծ բազմութիւն էր հետեւում Աբեսաղոմին։
13 Գուժկան հասաւ Դաւթին, թէ Իսրայէլի մարդիկ անցել են Աբեսաղոմի կողմը։
14 Դաւիթն ասաց Երուսաղէմում իր հետ եղող բոլոր ծառաներին. Ելէ՛ք փախչենք, որովհետեւ մեզ փրկութիւն չկայ Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացէ՛ք, որ արագ չհասնի մեզ եւ չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի։
15 Արքայի ծառաներն ասացին իրեն. Ամէն ինչ, որ մեր տէր արքան կամենայ, ծառաներս պատրաստ ենք կատարելու։
16 Թագաւորն ելաւ, եւ նրա ամբողջ տունը ոտքով գնաց նրա յետեւից։ Արքան իր հարճերից տասը կին թողեց, որ տունը պահպանեն։
17 Արքան դուրս ելաւ, եւ նրա բոլոր ծառաները ոտքով գնալով կանգնեցին անապատում գտնուող ձիթենու մօտ։
18 Նրա բոլոր ծառաները մէկ առ մէկ անցնում էին նրա կողքով. բոլոր քերեթիները, օփելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարիւր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դաւթի առջեւից։
19 Արքան ասաց գեթացի Եթթիին. Ինչո՞ւ ես դու էլ գնում մեզ հետ, յե՛տ դարձիր ու մնա՛ եկող արքայի մօտ, քանզի օտար մարդ ես դու, որ քո տեղից՝ Գեթից դուրս գալով՝ եկել ես։
20 Մի՞թէ քեզ տեղահան պիտի անեմ, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թէ ուր եմ գնում եւ ուր պիտի գնամ։ Դու յե՛տ դարձիր, քո եղբայրներին էլ յե՛տ դարձրու քեզ հետ, եւ Տէրը քեզ ողորմութիւն ու արդարութիւն կ՚անի։
21 Եթթին պատասխան տուեց արքային՝ ասելով. Կենդանի է Տէրը, եւ կենդանի է իմ տէր արքան. որտեղ լինի իմ տէր արքան, մեռած թէ կենդանի, այնտեղ կը լինեմ եւ ես՝ քո ծառան։
22 Արքան ասաց Եթթիին. Արի՛ ինձ հետ։ Եւ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմութեամբ հանդերձ։
23 Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր։ Ամբողջ զօրքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով։ Արքան նոյնպէս անցաւ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զօրքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։
24 Սադոկն ու նրա հետ բոլոր ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը եւ այն չտարան Բեթարից, մինչեւ որ ամբողջ ժողովուրդը այդ քաղաքից դուրս չեկաւ։
25 Արքան ասաց Սադոկին. Աստծու տապանակը յե՛տ տար քաղաք եւ դի՛ր իր տեղը։ Եթէ Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ յետ կը դարձնի եւ ինձ տեսնել կը տայ այն եւ նրա վայելչութիւնը։
26 Բայց եթէ ասի, թէ՝ Դու ինձ հաճելի չես, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է։ Արքան ասաց Սադոկ քահանային.
27 Այնպէս արէք, որ դու խաղաղութեամբ քաղաք վերադառնաս, եւ քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։
28 Ես բանակատեղի եմ դնելու Ռաբոթ անապատում եւ կը մնամ, մինչեւ որ ձեզանից լուր ստանամ։
29 Եւ Սադոկն ու Աբիաթարը տապանակը յետ դարձրին Երուսաղէմ, եւ այն մնաց այնտեղ։
30 Դաւիթը բարձրանում էր Ձիթենեաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոբիկ էր գնում, եւ ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը, լաց լինելով, բարձրանում էին։
31 Դաւթին յայտնեցին՝ ասելով. Աքիտոփէլն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մօտ։ Դաւիթն ասաց. Տէ՜ր Աստուած իմ, խափանի՛ր Աքիտոփէլի խորհուրդը։
32 Դաւիթը հասաւ Հռոս, ուր երկրպագեց Աստծուն։Եւ ահա նրան ընդառաջ եկաւ արաքացի Քուսին՝ Դաւթի բարեկամը, իր պատմուճանը պատառոտած ու հողը գլխին ածած։
33 Դաւիթն ասաց. Եթէ ինձ հետ գաս, ինձ վրայ բեռ կը լինես,
34 իսկ եթէ յետ դառնաս քաղաք եւ ասես Աբեսաղոմին, թէ՝ Քո եղբայրներն անցան, արքան յուզուած հետեւում էր ինձ, ու հայրդ եւս անցաւ, եւ արդ, քո ծառան եմ, արքա՛յ, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հօր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛յ, այդ ժամանակ խափանած կը լինես Աքիտոփէլի խորհուրդը։
35 Ահա այնտեղ քեզ հետ կը լինեն Սադոկ եւ Աբիաթար քահանաները, եւ եթէ որեւէ բան լսես արքայի տնից, յայտնի՛ր Սադոկ ու Աբիաթար քահանաներին։
36 Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը։ Նրանց միջոցով ինձ յայտնեցէ՛ք ամէն ինչ, որ կը լսէք։
37 Դաւթի բարեկամ Քուսին եկաւ քաղաք, եւ Աբեսաղոմը մտաւ Երուսաղէմ քաղաքը։