ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 2

1 Դրանից յետոյ Դաւիթը հարց տալով Տիրոջը՝ ասաց. Արդեօք գնա՞մ Յուդայի քաղաքներից որեւէ մէկը։ Տէրն ասաց նրան. Գնա՛։ Դաւիթն ասաց. Ո՞ւր գնամ։
2 Տէրն ասաց՝ Քեբրոն։ Դաւիթն իր երկու կանանց՝ յեզրայէլացի Աքինովամի եւ կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկաւ Քեբրոն։
3 Դաւիթն իր հետ եկած մարդկանց, ամէն մէկին իր ընտանիքով բերեց, եւ նրանք բնակուեցին Քեբրոն քաղաքում։
4 Եկան Հրէաստանի մարդիկ եւ այնտեղ Դաւթին Յուդայի տան վրայ թագաւոր օծեցին։ Դաւթին յայտնեցին, թէ Գաղաադի Յաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սաւուղին։
5 Դաւիթը Գաղաադի Յաբիս բնակավայրի առաջնորդների մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց նրանց. Օրհնեալ լինէք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծեալ Սաւուղի նկատմամբ բարեացակամ էք եղել՝ թաղել էք նրան ու իր որդի Յովնաթանին։
6 Արդ, Տէրը ձեր նկատմամբ ողորմութիւն եւ արդարութիւն թող ցուցաբերի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։
7 Թող ձեր ձեռքերը զօրանան, ու դուք քաջասիրտ լինէք։ Մեռաւ ձեր տէրը՝ Սաւուղը, եւ Յուդայի տունն ինձ իր վրայ թագաւոր է օծել։
8 Սաւուղի զօրավար Ների որդի Աբենները Սաւուղի որդի Յեբուսթէին առաւ տարաւ բանակատեղի
9 եւ նրան թագաւոր դարձրեց Գաղաադաստանի, Թասիրի, Յեզրայէլի, Եփրեմի, Բենիամինի երկրների եւ ամբողջ Իսրայէլի վրայ։
10 Սաւուղի որդի Յեբուսթէն քառասուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ Իսրայէլի վրայ։ Նա երկու տարի թագաւորեց։ Միայն Յուդայի տունն էր, որ Դաւթին էր հետեւում։
11 Քեբրոնում, Յուդայի երկրի վրայ Դաւիթը թագաւորեց եօթը տարի վեց ամիս։
12 Ների որդի Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները բանակատեղիներից եկան Գաբաւոն։
13 Շարուհիի որդի Յովաբը եւ Դաւթի ծառաները ելան Քեբրոնից եւ նրանց հանդիպեցին Գաբաւոնի աղբիւրի մօտ։ Սրանք աղբիւրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
14 Աբեններն ասաց Յովաբին. Թող քո կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջեւ։
15 Յովաբն ասաց. Թող մրցեն։ Բենիամինի ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դաւթի կողմի՛ց էլ ելան տասներկու երիտասարդներ։
16 Ամէն մէկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց իր մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եւ այդ տեղի անունը դրեցին Դաւաճանների դաշտ, որը Գաբաւոնում է գտնւում։
17 Այդ օրը սաստիկ պատերազմ եղաւ, եւ Աբենները իսրայէլացիների հետ պարտուեց Դաւթի զինուորներից։
18 Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլը։ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւաքայլ էր։
19 Ասայէլը հետապնդեց Աբեններին եւ նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորուեց։
20 Աբենները յետ նայեց եւ ասաց. Դո՞ւ ես, Ասայէ՜լ։ Սա ասաց. Ես եմ։
21 Աբեններն ասաց. Խոտորուի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մէկին ու վերցրո՛ւ նրա զէնքերը։ Ասայէլը, սակայն, չուզեց նրան հետապնդելուց հրաժարուել։
22 Աբենները մի անգամ եւս ասաց Ասայէլին. Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետին չխփեմ, թէ չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ Յովաբին, եւ ինչի՞ նման կը լինի դա։
23 Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից դուրս եկաւ։ Նա ընկաւ այնտեղ ու մեռաւ տեղում։ Ով Ասայէլի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։
24 Յովաբն ու Աբեսսան Աբենների յետեւից ընկած հետապնդում էին նրան, եւ երբ Գայի դիմաց, Գաբաւոնի անապատի ճանապարհի վրայ գտնուող Ամմանի բլուրը հասան, արեւը մայր մտաւ։
25 Բենիամինի որդիները հաւաքուելով Աբենների շուրջը՝ մի բլրի վրայ կանգ առան։
26 Աբենները ձայն տուեց Յովաբին. Մի՞թէ սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թէ չգիտես, որ սրա վերջը դառնութիւն կը լինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարուեն։
27 Յովաբն ասաց. Կենդանի է Տէրը։ Եթէ դու խօսած չլինէիր, ժողովուրդը այգաբացին վեր էր կենալու, եւ ամէն մէկը հալածելու էր իր եղբօրը։
28 Յովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առաւ, այլեւս չհալածեց իսրայէլացիներին, եւ պատերազմը դադարեց։
29 Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժուեցին դէպի արեւելք, անցան Յորդանան գետը, բոլոր մօտակայ վայրերը ու եկան բանակատեղի։
30 Յովաբը Աբեններին հալածելուց հրաժարուեց, հաւաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսաւ,
31 որ Դաւթի մարդկանցից կոտորուել էին տասնինը մարդ եւ Ասայէլը, իսկ Դաւթի զինուորները Բենիամինի որդիներից ու Աբենների մարդկանցից կոտորել էին երեք հարիւր վաթսուն մարդ։
32 Վերցրին Ասայէլին ու նրան թաղեցին Բեթղեհէմում, իր հօր գերեզմանի մէջ։ Յովաբն ու իր մարդիկ գնացին եւ արշալոյսին հասան Քեբրոն։