ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 20

1 Բոքորիի որդի յեմինացի Սաբէէ անունով անօրէն մի մարդ յոխորտաց։ Նա եղջերափող հնչեցնելով՝ ասաց. Մենք ո՛չ Դաւթի մօտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու մօտ։ Ո՜վ իսրայէլացիներ, թող ամէն մարդ իր բնակավայրը գնայ։
2 Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ Յորդանան գետի ափից գնացին մինչեւ Երուսաղէմ։
3 Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր տուն։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց պահել տուեց մի տան մէջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցաւ։ Հարճերը տառապում էին, քանզի մինչեւ իրենց մահուան օրն իբրեւ այրի ապրեցին։
4 Արքան ասաց Ամեսայիին. Երեք օրուայ ընթացքում ինձ մօտ կը հաւաքես Յուդայի երկրի մարդկանց, եւ դու էլ այստեղ կը գաս։
5 Ամեսային գնաց կանչելու Յուդայի երկրի մարդկանց, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։
6 Դաւիթն ասաց Աբեսսային. Հիմա Բոքորիի որդի Սաբէէն աւելի մեծ չարիք կը գործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թէ ամրացուած քաղաքներ գտնի եւ մեր աչքից կորչի։
7 Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Յովաբի մարդիկ, քերեթիները, օփելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Սրանք դուրս եկան Երուսաղէմից, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։
8 Երբ նրանք Գաբաւոնի մեծ քարի մօտ էին, նրանց դիմաց ելաւ Ամեսային։ Յովաբը հագել էր իր զրահաւոր թիկնոցը, դրա վրայ մէջքին կապել էր պատենաւոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցուած։
9 Յովաբն ասաց Ամեսայիին. Ինչպէ՞ս ես, եղբա՛յր։ Եւ Յովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մօրուքը, որ նրան համբուրի։
10 Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սրից, եւ Յովաբը դա խրելով նրա որովայնը՝ փորոտիքը գետին թափեց։ Յովաբը հարուածը չկրկնեց, եւ Ամեսային մեռաւ։ Յովաբը եւ նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբէէին հետապնդելու։
11 Յովաբի զինուորներից մէկը եկաւ ու կանգնելով Ամեսայիի մօտ՝ ասաց. Ով սիրում է Յովաբին կամ Դաւթին, թող գնայ Յովաբի ու Աբեսսայի յետեւից։
12 Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մէջտեղը։ Երբ այդ մարդը տեսաւ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դէպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետեւ տեսաւ, որ ամէն ոք, որ գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։
13 Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, իսրայէլացիները հետեւեցին Յովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։
14 Սաբէէն անցաւ Իսրայէլի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչեւ Աբէլ ու Բեթմաքա, եւ բոլոր առաւել ընտիր զինուորները հաւաքուեցին ու եկան նրա յետեւից։
15 Նրանք նրան բռնելու համար պաշարեցին Աբէլն ու Բեթմաքան, քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրեւ պատուար ծառայեց։ Յովաբի ամբողջ զօրքը քանդում կործանում էր պարիսպը։
16 Մի իմաստուն կին պարսպից ձայն տուեց՝ ասելով. Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ։
17 Յովաբը մօտեցաւ նրան, ու կինն ասաց. Դո՞ւ ես Յովաբը։ Սա ասաց. Ես եմ։ Կինն ասաց նրան. Լսի՛ր քո աղախնի խօսքերը։
18 Յովաբն ասաց. Ես եկել եմ լսելու։ Կինն ասաց. Նախկինում այսպիսի խօսքեր էին ասում. Թող գնան Աբէլին ու Դանին հարցնեն, թէ Իսրայէլին հաւատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը յաջող աւարտ կ՚ունենա՞ն։ Անպայման պէտք է Աբէլին հարցնէին եւ այդպէս էլ անում էին։
19 Ես Իսրայէլի հաւատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայէլի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգութիւնը։
20 Պատասխան տուեց Յովաբն ասելով. Քա՛ւ լիցի ինձ, քա՛ւ լիցի, թէ բնաջնջեմ ու կոտորեմ։
21 Հարցը դա չէ։ Մի մարդ կայ Եփրեմի լեռից, Սաբէէ անունով, Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դաւիթ արքայի վրայ։ Ինձ տուէ՛ք միայն նրան, եւ ես կը հեռանամ այս քաղաքից։ Կինն ասաց Յովաբին. Նրա գլուխը հիմա քեզ մօտ կ՚ընկնի պարսպի վրայից։
22 Կինը գնաց ժողովրդի մօտ, իր իմաստնութիւնը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբէէի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու այն նետեցին Յովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, այդ քաղաքում ամէն մարդ իր բնակավայրը քաշուեց, իսկ Յովաբը յետ դարձաւ Երուսաղէմ, արքայի մօտ։
23 Յովաբը Իսրայէլի ամբողջ զօրքի հրամանատարն էր, Յովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու օփելեթիների,
24 Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Յոսափատը դիւանապետ էր,
25 Սուդայէն՝ քարտուղար, Սադոկն ու Աբիաթարը քահանաներ էին,
26 իսկ Յարիմի որդի Իրասը Դաւթի քահանան էր։